
Շիրակի մարզպետը հրաժարականի դիմում կներկայացնի, նրան կփոխարինի Նազելի Բաղդասարյանը. Hraparak. am

Դեռ օրեր առաջ մամուլում լուրեր էին պտտվում, որ ՔՊ-ական պատգամավոր Նազելի Բաղդասարյանը նշանակվելու է Շիրակի մարզպետ։ Այս մասին գրել է Hraparak. am-ը:
Իշխանությունն այդ որոշումը կայացրել է հոկտեմբերի 17-ի Գյումրիի ՏԻՄ ընտրություններից հետո, որտեղ իշխող կուսակցությունը պարտվեց նախկին քաղաքապետի կուսակցությանը։ Խոսակցությունների համաձայն՝ Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանն է ընտրությունների արդյունքների պատասխանատուն, չարդարացրեց իրեն, պարտավոր է հեռանալ։
«Այսօր Նազելի Բաղդասարյանը վայր է դրել պատգամավորական մանդատը։ Մեր տեղեկություններով, եկող շաբաթ Շիրակի մարզպետը հրաժարականի դիմում կներկայացնի, եւ նրան կփոխարինի Նազելի Բաղդասարյանը։
Մեր աղբյուրների փոխանցմամբ, այսօր կառավարության շենքում նկատել են Նազելի Բաղդասարյանին։ Ամենայն հավանականությամբ պատգամավորի այցը պատահական չի եղել․ ստացել է իշխանության «դաբրոն», որին հաջորդել է մանդատից հրաժարվելու դիմումը։ Ի դեպ, այս օրերին մայրաքաղաքում է գտնվել նաև մարզպետ Հովհաննես Հարությունյանը։
Ենթադրվում է, որ Հովհաննես Հարությունյանը կրկին առողջապահության ոլորտ կվերադառնա, ըստ լուրերի՝ պաշտոն է ստանձնելու առողջապահության նախարարությունում»,- գրում է կայքը: