Սաակաշվիլին հրաժարվել է դեղեր ընդունել և անալիզներ հանձնել

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, որը մոտ մեկ ամիս շարունակում է հացադուլը Ռուսթավի բանտում, հրաժարվել է բժիշկների հետ համագործակցելուց և որոշել է այլևս անալիզներ չհանձնել:

Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն,՝ նշելով, որ Սաակաշվիլին վերջին օրերին մի քանի անգամ փոխել է որոշումը՝ տեղում բուժօգնություն ստանալ, թե ոչ: Վերջինս բանտում է գտնվում արդեն 29 օր: Օրեր առաջ նա հայտարարել էր, որ հրաժարվում է տեղի բժիշկների օգնությունից՝ ի նշան բողոքի, քանի որ բանտի ղեկավարությունը խստացրել էր փաստաբանների հետ հանդիպելու կանոնները:
«Այսօրվանից սկսած այլևս դեղամիջոց չեմ ընդունի քաղցի դեմ և անալիզներ չեմ հանձնելու»,- ասվում է Սաակաշվիլիի ֆեյսբուքյան էջում հրապարակված հաղորդագրության մեջ:
Սաակաշվիլին հավելել է, որ շաբաթ երկրում անցկացվելիք ՏԻՄ ընտրությունների երկրորդ փուլը նպատակ ունի կասեցնել երկրում տոտալիտարիզմի հաստատումը: Նրա խոսքով՝ դա կարևոր օր է Վրաստանի ժողովրդավարության և փրկության համար:
Հիշեցնենք, որ Միխեիլ Սաակաշվիլիին ձերբակալել են հոկտեմբերի 1-ին, երբ վերջինս վերադարձել է Վրաստան՝ երկրում հոկտեմբերի 2-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում ընդդիմադիր ուժերին աջակցելու համար: Նախկին նախագահին երկրում հեռակա կարգով դատապարտել էին պատգամավորին ծեծի ենթարկելու և բանկիրի սպանության կազմակերպման համար: Բացի այդ, նրան մեղադրանք է ներկայացվել ևս մի քանի գործով, այդ թվում՝ պետական միջոցները մսխելու, լիազորությունների չարաշահման և երկրի սահմանն ապօրինաբար հատելու համար:

Քաղաքականություն