
Հայաստանի ու Թուրքիայի հարաբերությունները Վաշինգտոնի համար միշտ եղել է առաջնահերթություն. Սարգսյան

Եթե ուզում ես պատերազմում պարտվել, ապա պետք է նախ բանակդ կազմաքանդես, այնուհետև քո արտաքին գործերի նախարարությունը ու միանշանակ ապահովված է քո պարտությունը։ Մեզ մոտ շատ տիպիկ իրավիճակ էր այդ առումով ու այսօր էլ այդ պրոցեսը շարունակվում է։ Այս մասին քիչ առաջ «Կորսված հաղթանակ. դավաճանություն, թե անգրագիտություն» խորագրով համաժողովի ժամանակ իր ելույթում ասաց «Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի» հիմնադիր Սուրեն Սարգսյանը։
«Հայաստանի ու Թուրքիայի հարաբերությունները Վաշինգտոնի համար միշտ եղել է առաջնահերթություն, քանի որ ԱՄՆ-ն հաշվարկում էր՝ մեր տարածաշրջան իր ազդեցությունը կարող է ներս բերել Թուրքիայի դարպասներով, բայց հիմա արդեն հասկանում են, որ անհնար է։Կա ընկալում, թե Թուրքիան ամերիկացիների համար որպես անառակ որդի է, որը հեռացել է, բայց վերադառնալու է»,- ասաց Սարգսյանը՝ խոսելով ԱՄՆ գործուղումների մասին՝ մինչեւ տեղի ունեցած պատերազմը ։
«Այսօրվա Թուրքիան տարբերվում է 5-10 տարի առաջվա Թուրքիայից՝ իր ներգրավվածությամբ միջազգային և տարածաշրջանային պրոցեսներում, ավելի ագրեսիվ է, ավելի անպատիժ է այսօր Թուրքիան։Եթե հայ-թուրքական սահմանները բացվեն, Ադրբեջանի հետ հարցերը կարգավորվեն, ապա շատ բնական հարց է առաջանալու՝ ինչ է անելու այստեղ ռուսական ռազմաբազան։
Նորից անդրադառնալով ԱՄՆ գործողություններին՝ չեմ կարող չնշել, որ պատերազմի օրերին ԱՄՆ-ն իրականում բավականին ծանր վիճակում էր գտնվում՝ պայմանավորված կորոնավիրուսով և ընտրություններով ու այդ ծանր պայմաններում ԱՄՆ-ն հաստատ չէր մտածելու Հայաստանի մասին։ ԱՄՆ-ն չէր խանգարում Մոսկվային»: