Գերեզմանոցից բերման են ենթարկել մահափորձեր կատարած զինված անձի. նա որոնվում էր նաև ՌԴ-ում

Samshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հոկտեմբերի 26-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա ոստիկանության Արաբկիրի բաժինը իրականացրել է հատուկ օպերացիա։ Այն կրել է «Հանդերձյալ աշխարհում էլ լինես, քեզ կգտնենք» անունը։ Օպերատիվ տվյալները ստանալով՝ ոստիկաններն մեկնել են Զովունի գյուղի գերեզմաններ, որտեղ էլ իրականացրել են հատուկ օպերացիան։ Լրատվականի տեղեկություններով՝ նշված գերեզմանոցից ոստիկանները Արաբկիրի ոստիկանություն են բերման ենթարկել Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանում հաշվառված 37-ամյա Արթուր Ասրյանին։  

 

Վերջինիս մոտ հայտնաբերվել է «ԱԿՄ» տիպի ինքնաձիգ, 1 հատ պահուստատուփ, որի մեջ եղել է 30 հատ 7.62 մմ տրամաչափի փամփուշտ։ Ու եթե ոստիկանները պրոֆեսիոնալ ու օպերատիվ չգործեին, չէր բացառվում, որ Ա. Ասրյանը օգտագործեր ինքնաձիգը։  Հայտնաբերված ինքնաձիգն առգրավվել է, և նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն։  

 

Ա. Ասրյանը 2020 թվականի հունիսի 15-ից ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր-ի  176 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի, 176 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի, 176 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի, 177 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի, 185 հոդվածի 1-ին մասի, 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի և 235 հոդվածի 1-ին մասի մեղադրանքներով: Նա 2020 թվականի դեկտեմբերի 2-ից հետախուզվում էր Ռուսաստանի Դաշնության Ներքին գործերի նախարարության Կրասնոդար քաղաքի ՆԳՎ Կառասունի շրջանի ոստիկանության բաժնի կողմից 105 հոդվածի 2-րդ մասի Ա կետի (սպանության փորձ) և 30 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Նրա նկատմամբ դատարանի որոշմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։  

 

Ա. Ասրյանը կասկածվում է նաև 2020 թվականի մարտի 9-ին Երևանում՝ Հալաբյան փողոցում, հանցագործ աշխարհում հայտնի «օրենքով գող» Արմեն Կանևսկոյի (Արմեն Հարությունյան) քրոջ որդիների և ևս 2 հոգու նկատմամբ ինքնաձիգով սպանության փորձ կատարելու մեջ։ Ասրյանը դեռ այս տարվա հունիսի 15-ից ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր օր-ի մի քանի հոդվածներով, այդ թվում՝ ՀՀ քր օր-ի 34-176 հոդվածի 2-րդ մասի (կողոպուտը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ խոշոր չափերով), 34-177 հոդվածի 2-րդ մասի (գողությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ), 185 հոդվածի 1-ին մասի (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) հատանիշներով: