Ավստրիացի դիվանագետին կասկածում են «Նովիչոկի» վերաբերյալ գաղտնի տեղեկություններ փոխանցելու մեջ

Ավստրիայում քրեական դատավարություն է սկսվել երկրի արտգործնախարարության նախկին գլխավոր քարտուղար Յոհաննես Պետերլիկի դեմ: Այս մասին գրում է Kurier-ը: 

 

Նշվում է, որ վերջինս կասկածվում է Wirecard վճարային համակարգի նախկին թոփ մենեջեր Յան Մարսալեկին «Նովիչոկի» վերաբերյալ գաղտնի տեղեկություններ փոխանցելու մեջ։ Միևնույն ժամանակ, Մարսալեկն ինքը համարվում է ռուսական հատուկ ծառայությունների գործակալ: 

 

Պետերլիկը, որը մինչև վերջերս Ինդոնեզիայում դեսպան էր, պաշտոնանկ է արվել հոկտեմբերի կեսերին: Այժմ Վիեննայի դատախազությունը հետաքննում է գործը պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և ծառայողական գաղտնիքի խախտման հոդվածներով։

 

Ինչպես նշում է պարբերականը՝ Մարսալեկը Լոնդոնի որոշ բանկիրների մոտ պարծեցել է, թե ձեռք է բերել ԶՔԱԿ-ի փաստաթղթեր, որոնք պատրաստվել են Լոնդոնում՝ Սերգեյ Սկրիպալի թունավորումից հետո և որոնք պարունակում են, մասնավորապես, «Նովիչոկի» բանաձևը: Միջադեպի վերլուծությունը ցույց է տվել, որ արտահոսքը կարող էր տեղի ունենալ Ավստրիայի արտաքին գործերի նախարարության միջոցով։

Քաղաքականություն