Երբ իշխանություններին չի հաջողվում ընտրությունների ժամանակ բանակի գործոնը կիրառել, այլ պատկեր ենք ունենում. պատգամավոր

Գորիսեցիները մերժեցին պողպատե մուրճային իրականությունը, որն իրենց պարտադրվում էր այս իշխանությունների կողմից։ Մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանն՝ անդրադառնալով Գորիսում ՏԻՄ ընտրությունների արդյունքներին։ 

Արեգնազ Մանուկյանը նշեց, որ գորիսեցիները մերժեցին սուտը, կեղծիքը, պատերազմ ու պարտություն բերած իշխանություններին՝ ընտրելով արժանապատիվ ապագան։

«Այն պարագայում, երբ իշխանություններին չի հաջողվում բանակի գործոնը կիրառել ընտրությունների, քվեարկության ժամանակ, երբ իշխանություններին չի հաջողվում անձնագրերի նույնականացման միջոցները կյանքի գործել, ստանում ենք բոլորովին այլ պատկեր։ Այդ ընտրախախտումները ներկայացրել ենք ՍԴ և հիմնավոր կասկածներ ունենք, որ այդ ընտրախախտումների արդյունքում է իշխանություններին հաջողվել Գորիսում, Սյունիքում և մյուս բնակավայրերում ունենալ այլ պատկեր»,-նշեց Արեգնազ Մանուկյանը։

Պատգամավորը մյուս բնակավայրերին էլ հորդորեց կատարել արժանապատիվ ընտրություն, չտրվել սպառնալիքներին ու ճնշումներին։

Արեգնազ Մանուկյանը նկատեց՝ այստեղ առկա է նաև իշխանություններին անվստահության գործոնը, և մարդիկ սկսել են հասկանալ, թե ինչ ապագա են իրենց համար ընտրել, երբ արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ ձայն են տվել 3-րդ համարի քվեաթերթիկին։

«Շատ կարճ ժամանակ անց նրանք մերժում են իրենց ընտրած անհեռանկար ապագան»,-ասաց Արեգնազ Մանուկյանը։

Քաղաքականություն