
«Պատճառաբանությունը մեկն է՝ հայերի համար ճանապարհը փակ է». հայ վարորդների ահազանգը․ NEWS

Հայ վարորդները՝ բեռնատարներով շուրջ 10 օր է՝ կանգնած են դեպի Լարս գնացող ճանապարհին, որեւէ հիմնավորում վարորդներին չի ներկայացվում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է վարորդներից Տարոն Մարգարյանը։
Նա պատմեց, որ այդ ճանապարհին կանգնած է մոտ 200 բեռնատար.
«Մեզ թույլ չեն տալիս առաջ գնալ։ Պատճառաբանությունը մեկն է՝ հայերի համար ճանապարհը փակ է։ Մեր աչքի առաջ գնում են վրացական, ադրբեջանական համարանիշներով մեքենաները, իսկ մեզ թույլ չեն տալիս անցնել»։
Վարորդները տեղեկացել են, որ այդտեղ եւս մեկ շաբաթ կմնան. «Սա դիտավորյալ արված բան է՝ Հայաստանը շրջափակելու համար։ Մարդ կա, որ այստեղ 10 օր է՝ կանգնած է»։
Նա պատմեց, որ այդտեղ է գնացել նաեւ Վրաստանում Հայաստանի դեսպանը. «Նա եկել է այստեղ մի քանի օր առաջ, զրուցել շարքային ոստիկանի հետ ու գնացել։ Վարորդները զանգահարել են Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության թեժ գիծ, այնտեղից պատասխանել են՝ ձեր մեքենաների տերերին ասեք, թող այդ հարցը լուծեն։ Տղաներով մտածում ենք՝ նույնպես ճանապարհը փակենք, կոնֆլիկտ ստեղծվի, որպեսզի մեր պետության այրերի ուշադրությունը հրավիրենք։ Ո՞ւր է մեր պետությունը, ո՞ւր է մեր հովանավորությունը»։
Ավելի ուշ ՏԿԵ նախարարությունից հայտնեցին, որ ռուսական կողմը Լարսի անցակետում սկսել է շինարարական աշխատանքներ, որոնք, ըստ նախնական տեղեկության, ավարտվելու են 2022 թվականի դեկտեմբերին։
«Շինարարական աշխատանքների պատճառով մասնակի խաթարվել է երթևեկությունը Լարսի անցակետում։ Սակայն համաձայն ՌԴ կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 18-ի 1576 որոշման հոկտեմբերի 18-ից թույլատրվում է Վերին Լարսից բացի սահմանային հսկողություն իրականացնել նաև երկու այլ անցակետերում մինչև շինարարության ավարտը։
Առաջին անցակետը տեղակայված է Հյուսիսային Օսեթիայի Հանրապետություն֊ Ալանիա, Վերին Լարսի շրջանում
Երկրորդ անցակետը՝ Հյուսիսային Օսեթիայի Հանրապետություն֊-Ալանիա, քաղաք Վլադիկավկազ, Լարսի շրջան հասցեում։
Նշենք, որ ռուսական կողմի նախաձեռնած շինարարական աշխատանքների ավարտից հետո նախատեսվում է էապես բարելավել Լարսի անցակետի աշխատանքը և խուսափել բեռանատարների կուտակումներից։ Մասնավորապես նախատեսվում է այսօրվա օրական 300 մեքենա թողունակությունը դարձնել 3500 մեքենա։ Այսինքն մոտ 10 անգամ ավելացնել ճանապարհի թողունակությունը»,- նշված էր, նախարարության հայտարարության մեջ։
