ՏԵՍԱՆՅՈՒԹ. Էս հանցանքը, ոճիրը արնախմությունը չի կարող անպատիժ մնալ. զոհված զինծառայողի հայր
Ուղիղ մի տարի առաջ շաբաթ օր էր ու զրուցում էի հեռախոսով Աբգարիս հետ, չհասկանալով, որ էս երկրի վրա վերջին անգամ եմ լսում քաղցր ձայնը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր, պատերազմում նահատակված զինծառայող Աբգարի հայրը՝ Գեղամ Նազարյանը:
«Ուղիղ մի տարի առաջ շաբաթ օր էր ու զրուցում էի հեռախոսով Աբգարիս հետ, չհասկանալով, որ էս երկրի վրա վերջին անգամ եմ լսում քաղցր ձայնը։ Ճուտիկս պատմում էր, պատմում, հարցեր տալիս, ճուտիկս...
Մի տարի առաջ ես չգիտեի ինչ է լինելու հաջորդ օրը։ Իսկ ով գիտեր, ով գիտակցված մեր ճուտիկներին սպանեց թող վստահ լինի՝ դաժան է դատաստանը լինելու։ Ու նաեւ ավելացնեմ՝ մեր երկիրը մնալու է, դուրս է գալու էս վիճակից, թուրքական կամ ռուսական գավառ չի դառնալու։ Մեր տղերքը դրա համար չեն զոհվել։ Ու եթե մեկի մտքով անցնում է, էս ոճիրը մարսելու են ու անցնեն առաջ, սխալվում են։ Էս հանցանքը, ոճիրը արնախմությունը չի կարող անպատիժ մնալ։ Աբգար ջան, տղերք ջան...
Հ.Գ Կից տեսանյութի ամենասկզբում Աբգարս ասում է՝ Ես կգամ։ Գիտեմ Աբգար ջան դուք բոլորդ գալու եք...
Հ.Գ Այսօր ժամը 18 30 ից Նժդեհի հրապարակից լուռ քայլենք դեպի Եռաբլուր։ Այսօր լուռ քայլելու օր է։ Մնացածը հետո»,- գրել է Նազարյանը։