
Անդրանիկ Քոչարյանը անդրադարձավ Սյունիքի փոխարեն՝ Զանգեզուր տեղանունն օգտագործելուն

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ իր կողմից Սյունիքի փոխարեն՝ Զանգեզուր տեղանունն օգտագործելու փաստին։ Այս մասին գրում է Aysor.am-ը։
«Նկատեցիք, որ պարոն Ղազինյանը շատ ծանր է տանում, երբ մենք տասնյակ տարիներ օգտագործած անվանումները մեկ-մեկ նաև կարող ենք շփոթել», - ասաց նա։
Ի պատասխան ճշտող հարցին, թե ինքն իրոք շփոթվե՞լ էր, Քոչարյանը հորդորեց չանհանգստանալ։
«Դուք մի՛ անհանգստացեք, դրա մեջ որևէ էդպես արտառոց բան չկա։ Իշխանության ներկայացուցիչն էլ կարող է շփոթվել։ Ինչո՞ւ, միայն ընդդիմության ներկայացուցի՞չը կարող է շփոթվել։ Չէ, իրենք մտածված են շփոթվում», - ասաց նա։
Անդրանիկ Քոչարյանը թեպետ չմանրամասնեց, թե երբ է ընդդիմության որևէ ներկայացուցիչ տեղանունների հարցում «շփոթվել», սակայն շեշտեց, որ կուզեր, որպեսզի երկրի անվտանգության հետ կապված հարցերում շփոթմունք չլինի։
Քոչարյանը նկատի ուներ Բերդի հատվածում թշնամու առաջ գալու մասին տեղեկությունները, որոնք, նրա խոսքով, չեն համապատասխանում իրականությանը։ Նա ասաց, որ այդ մասին իրեն ասել է Գլխավոր շտաբի պետը։