Օրվա լրահոս

Մեր հավաքվելու նպատակն է՝ հայտնել մեր մտահոգությունը ՀՀ քաղաքացու առողջական վիճակի վատթարացման մասին։ Այս մասին այսօր Դատախազության դիմաց ի պաշտպանություն Արմեն Չարչյանի ակցիայի ժամանակ ասաց բժիշկ Սամվել Սահակյանը։

 

«Քաղաքացու, ով արդեն ուներ ծանր հիվանություն, և անազատության մեջ մնալու պայմաններում խորացել է այդ հիվանդությունը, բազմաթիվ բարդություններ են առաջացել։ Գրեթե բոլոր օրգան համակարգերը ծանր ախտահարված են, նաև աչքն է ախտաբանական գործընթացի մեջ մտել»,–ասաց նա և նշեց, որ Չարչյանի վիճակը անհամատեղելի է կալանքի հետ։

 

Նա նշեց, որ եթե ժամանակին քայլեր անեին, ոչ մի բարդություններ չէին լինի, եթե այդպես մնա չկառավարվող ծանր հիվանդությունը, դա չափազանց վտանգավոր է։ «Մենք ոչ մի քաղաքական մտքեր չենք հնչեցնելու, քրեաիրավական վերլուծություններ չենք կատարելու, մենք բժիշկներ ենք, դրանից ենք հասկանում, սիրողական ոչ մի մտքեր չենք հայտնելու։ Մենք չենք ասում՝ արդարացրեք, մենք ասում ենք՝ խափանման միջոցը փոխեք, որպեսզի կարողանանք կազմակերպել պատշաճ բուժում»,–ասաց նա և նշեց, որ գլխավոր դատախազի հետ են ցանկանում հանդիպել և խնդրանքով դիմելու են։

 

Ավելի ուշ Սամվել Սահակյանն ասաց, որ հանդիպել է գլխավոր դատախազի հետ, ներկայացրել Արմեն Չարչյանի առողջական վիճակը։

«Պարոն դատախազը ուշադիր  լսեց, ճշտելու համար հարցեր տվեց, հավաստիացրեց, որ իրենց նպատակը Արմեն Չարչյանին անազատտության մեջ պահելը չէ, այսինքն՝ սա ինքնանպատակ չէ իրենց համար, պարզապես իրավական գործընթացն է այդպես»,–ասաց նա և նշեց, որ դատախազը նշել է, թե հետազոտությունների հիմնավորումն է պետք ներկայացնել և հավաստիացրել, որ հիմնավոր փաստաթղթերի առկայության դեպքում ամեն ինչով կօգնի:

Բժիշկները ակցիան շարունակեցին Առողջապահության նախարարության դիմաց։

Վերջին նորություններ