Հայաստանի ու Ադրբեջանի ընդհանուր աշխատանքը պետք է գնա դեպի խաղաղություն և ոչ թե հակառակը` դեպի պատերազմ. Քերոբյան

Հայաստանն ու Ադրբեջանը պետք է դադարեն միմյանց մեղադրել ու փորձեն համագործակցության եզրեր գտնել։ Այսօր տուրիզմի խթանմանը նվիրված հայ–գերմանական ֆորումին ընդառաջ կայացած մամուլի ասուլիսում այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը` մեկնաբանելով նախկինում արած իր այն արտահայտությունը, թե Հայաստանը պետք է ճիշտ ու գրագետ համագործակցի Ադրբեջանի հետ։

«Մենք պետք է կարողանանք այնպես անել, որպեսզի մեր ընդհանուր աշխատանքը գնա դեպի խաղաղություն և ոչ թե հակառակը` դեպի պատերազմ»,– ասաց Քերոբյանը։

 

Հարցին, թե որքանով է ՀՀ կառավարությունը Սյունիքը դիտարկում որպես զբոսաշրջային ուղղություն` հաշվի առնելով Սյունիքի սահմանների նկատմամբ Ադրբեջանի ոտնձգությունները, Վահան Քերոբյանը պատասխանեց.

«Մենք համարում ենք, որ այն խնդիրները, որոնք Սյունիքում տեղի են ունենում հիմա, պետք է լուծել։ Սահմանային միջադեպեր իհարկե տեղի են ունենում։ Ես ցավում եմ մեր զոհված զինվորի համար, բայց թե՛ մենք, թե՛ մեր միջազգային գործընկերները պետք է ջանք չխնայենք, որ օր առաջ բացառենք նման դեպքերի տեղի ունենալը»։

 

Քերոբյանի խոսքով` երկարաժեմկետ ծրագրերում Սյունիքի զբոսաշրջային դերը Հայաստանի համար ՀՀ կառավարությունը չի նսեմացնում։

«Սյունիքում բազմաթիվ են գրավիչ կետերը, որտեղ մենք ու Հայաստան ժամանող հյուրերը նույնպես հրաշալի ժամանակ կարող ենք անցկացնել` Տաթևի ճոպանուղին, Գորիսը, Հին Խնձորեսկը, Կապանը, Մեղրին»,– ասաց նա։

Նախարարը շեշտեց, որ կառավարությունը Սյունիքում այսօր արդեն ենթակառուցվածքների արդիականացման ծրագրերի խոշոր ներդրումներ է կատարում։

 

Ինչ վերաբերում է Արցախին, ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի փոխնախագահ Ալֆրեդ Քոչարյանը վստահեցրեց, որ Արցախը ևս դուրս չի մնում զբոսաշրջային ուղղությունների շարքից, չնայած արտասահմանցիների այցերի համար այսօր որոշակի դժվարություններ կան։

«Կարծում եմ` դա ժամանակի հարց է, և կարգավորումներից, դեմարկացիայից հետո Արցախը միշտ ընդգրկված կլինի մեր ծրագրերի մեջ»,– ասաց Քոչարյանը։

Նախարար Քերոբյանը ևս վստահեցրեց, որ հայաստանյան զբոսաշրջային աշխարհագրության մեջ Արցախը մնացել է այնպիսին, ինչպիսին եղել է։