Թեժ շաբաթ խորհրդարանում․ ինչ է սպասվում․ «Հրապարակ»

Այսօր՝ օգոստոսի 24-ին, ԱԺ-ում կմեկնարկի կառավարության ծրագրի քննարկումը։ «Արտակարգ դրություն» է հայտարարված ինչպես իշխանական ճամբարում, այնպես էլ ընդդիմադիր, գրում է  «Հրապարակը»։

 

«Խորհրդարանական երկու ընդդիմադիր խմբակցություններում երեկ ողջ օրը բուռն քննարկումներ էին՝ մասնակցե՞լ, թե՞ բոյկոտել նիստը։ Կարծիքները բաժանվել են, մասնավորապես, «Հայաստան» դաշինքում մասնակցելու կողմնակիցներն առաջարկել են ելույթներ ունենալ ոչ թե բուն ծրագրի մասին (մանավանդ որ, կարծում են, թե կառավարության ներկայացրած ծրագրում առանձնապես քննարկելու բան էլ չկա, կենացային փաստաթուղթ է), այլ նիստին ներկա Փաշինյանի երեսին նետել իր կապիտուլյանտ եւ հողատու լինելու փաստը։

«Պատիվ ունեմ» դաշինքում էլ կհետեւեն «ավագ» գործընկերների պահվածքին՝ եթե բոյկոտեն, իրենք էլ կբոյկոտեն, կմասնակցեն՝ իրենք էլ։ Ինչ վերաբերում է իշխանական հատվածին, ապա ի սկզբանե հակված են եղել, որ Փաշինյանն ընդհանրապես խորհրդարան չգնա, եւ ծրագիրը ներկայացնեն փոխվարչապետները կամ այլ պատասխանատուներ, բայց քանի որ վարչապետի մասնակցությունն ու փաստաթղթի ներկայացումն օրենքի պահանջ են, որոշել են ընդդիմադիրներին ավելորդ խոսակցությունների թեմա չտալ։

Ուստի՝ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում կլինի։ Այնպես որ, ԱԺ ղեկավարությանը բարդ փորձություն է սպասվում՝ կրկին Փաշինյանի շահերի պաշտպանությունը ստանձնել, որ խորհրդարանական ընդդիմությունը նրա հասցեին ոչ ցանկալի արտահայտություններ չհնչեցնի: Ալեն Սիմոնյանը խոստացել է բնում խեղդել ցանկացած նման փորձ՝ անգամ իր անձը վտանգելով, ինչպես անցած շաբաթներին էր անում, երբ որոշ պատգամավորների նկատողություն հայտարարեց վարչապետի մասին միայն անունով խոսելու համար, իսկ Աննա Մկրտչյանին հեռացրեց դահլիճից, եւ հիմա ՍԴ-ում 2 հայց է քննվելու իր պահվածքի առնչությամբ․ մեկը՝ ԱԺ նախագահ ընտրվելու, մյուսը՝ պատգամավորին հեռացնելու հետ կապված։

Այսպիսով՝ 2021-2026թթ. համար կառավարությունը մոտ 100 էջանոց ծրագիր է մշակել։ Հայաստանի անվտանգության, ինքնիշխանության պաշտպանության եւ ԼՂ հիմնախնդրի արդարացի լուծման համար մտադիր է «լրջագույն միջոցներ» ձեռնարկել, ազգային լավագույն ներուժը համախմբել եւ այլն։ Ծրագիրը, որը բաղկացած է 6 բաժնից՝ անվտանգություն եւ արտաքին քաղաքականություն, տնտեսություն, ենթակառուցվածքների զարգացում, մարդկային կապիտալի զարգացում, իրավունք եւ արդարադատություն, ինստիտուցիոնալ զարգացում, ըստ նախաբանի, հիմնված է «Քաղպայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրի, արտահերթ ԱԺ ընտրություններին նախորդած քարոզարշավի ընթացքում ՀՀ քաղաքացիների առաջ ստանձնած պարտավորությունների, Հայաստանի վերափոխման՝ մինչեւ 2050թ. ռազմավարության վրա:

«Հայաստանի արտաքին անվտանգության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության պաշտպանությունը, ԼՂ հիմնախնդրի արդարացի լուծումը, Հայաստանի շուրջ տարածաշրջանային եւ միջազգային բարենպաստ մթնոլորտ ստեղծելը շարունակում են մնալ առաջնային: Այս խնդրի լուծման համար ժողովրդի վստահության քվե ստացած կառավարությունը մտադիր է լրջագույն միջոցներ ձեռնարկել հանրային եւ ազգային լավագույն ներուժը համախմբելու ուղղությամբ»,-  նշված է ծրագրի նախաբանում։ Ապա՝ «Օրենքի եւ իրավունքի, փոխադարձ հարգանքի, ատելության ու արժանապատվությունը նվաստացնող խոսքի բացառման վրա հիմնված ազգային միասնության հաստատումը կառավարության առաջնահերթ խնդիրներից է»։

«Միաժամանակ ժողովրդավարության թյուր ընկալումը, որպես պարարտ հող ամենաթողության եւ անպատժելիության համար, լրջագույն սպառնալիքներ է ստեղծում իրավակարգի, հանրային անվտանգության, օրենքի եւ իրավունքի գերակայության համար: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, նրա ձեւավորած կառավարությունը Հայաստանում օրենքի եւ իրավունքի դիկտատուրա հաստատելու մանդատ է ստացել ժողովրդից եւ անշեղորեն կյանքի է կոչելու այդ մանդատը»։

Իշխանության «մեծագույն առաքելությունը» Հայաստանի համար խաղաղության դարաշրջան բացելն է. «Հայաստանի եւ տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելը, այնուամենայնիվ, արտահերթ ընտրությունների արդյունքներով ժողովրդի առաջ կառավարության ստանձնած մեծագույն առաքելությունն է: Կառավարությունը գիտակցում է, որ այս խնդրի լուծումը միայն Հայաստանի Հանրապետությունից չի կախված, այլեւ՝ տարածաշրջանի մյուս երկրների կեցվածքից եւ ցանկությունից: ՀՀ կառավարությունը ստանձնում է տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու իր բաժին անելիքը եւ պատասխանատվությունը»:

Ծրագրում, որպես Հայաստանի անվտանգության ապահովման առաջին գործոն է նշված «Հայոց արդիականացվող բանակը», որին հաջորդում են հայ-ռուսական ռազմավարական դաշինքը եւ Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին։ Ծրագրի համաձայն, ԱԱԾ սահմանապահ զորքերը փուլային տարբերակով ՊՆ-ից ընդունելու են հայ-ադրբեջանական պետական ողջ սահմանի պահպանությունը, եւ այդ նպատակով նախատեսվում է սահմանապահ զորքերի անձնակազմի քանակի ավելացում, սահմանապահ ստորաբաժանումների մշտական տեղակայման վայրերի կառուցում, պետական սահմանի ինժեներական կահավորում, սահմանապահ ստորաբաժանումների տեխնիկական հագեցվածություն: Ստեղծվելու է Արտաքին հետախուզական ծառայություն:

«Մինչեւ 2026 թվականը կառավարության տնտեսական թիրախներն են՝ համախառն ներքին արդյունքի տարեկան միջին արդյունքի նվազագույն մակարդակը՝ 7 տոկոս, բարենպաստ արտաքին տնտեսական պայմաններում՝ 9 տոկոս, ֆորմալ հատվածի ոչ պետական հատվածի աշխատավարձի եւ դրան հավասարեցված այլ վճարումների ֆոնդը հասցնել համախառն ներքին արդյունքի 25 տոկոսի, 10 տոկոսից ցածր գործազրկության մակարդակ ապահովել: Միեւնույն ժամանակ, անդրադառնալով քաղաքացիների սոցիալական ապահովության խնդիրներին, մենք հետեւյալ թիրախներն ենք մատնանշել՝ նվազագույն կենսաթոշակի եւ կենսաթոշակի միջին չափերը հավասարեցնել համապատասխանաբար պարենային եւ սպառողական զամբյուղների արժեքներին: Նվազագույն աշխատավարձը սահմանել 85 հազար դրամ, վերացնել ծայրահեղ աղքատությունը»։
Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն իրականությունից կտրված փաստաթուղթ է որակում ծրագիրը։

«Կառավարության ծրագրի՝ անվտանգության գլուխը կարդալիս տպավորություն է ստեղծվում, որ խոսքը Հայաստանի մասին չէ: Ակնհայտ է, որ Հայաստանի ու Արցախի շուրջ ստեղծված անվտանգային սպառալիքները կա՛մ խորը գիտակցված չեն, կա՛մ մոտեցումը դրանց վերաբերյալ անլուրջ է: Բացի նրանից, որ չափազանց շատ են ընդհանուր բնույթի շաբլոն ձեւակերպումները, ծրագիրը մեծ թվով հարցադրումների պատասխանը չի տալիս: Այս իշխանությունն ի վիճակի չէ լուծել մեր երկրի առջեւ առկա մարտահրավերները, եւ եղած սպառնալիքները գնալով մեծանալու են»,- ասում է նա։

Պատգամավորը խոստացավ ծրագրային դրույթներին մանրամասն անդրադառնալ ավելի ուշ։ «Հայաստան» դաշինքի պատգամավորները ողջ օրը խիստ զբաղված էին, իսկ Արթուր Խաչատրյանն ու Անդրանիկ Թեւանյանն ասացին, որ քննարկումների մեջ են, եւ հարմար չէ խոսելը»։

Քաղաքականություն