
Թշնամու գնդակից վիրավորված ժամկետային զինծառայողին վիրահատել են, հեռացրել են երիկամը

Գեղարքունիքի մարզի Կութ համայնքի վարչական տարածքում տեղակայված մարտական հենակետում հերթապահություն իրականացնելիս հակառակորդի կողմից վիրավորված ժամկետային զինծառյող Արման Աթեսյանի վիճակը ծայրահեղ ծանր է: Այս մասին 1lurer.am-ին հայտնել է ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Սահակ Օհանյանը:
«Վնասվել է հաստ աղիքը, բարակ աղիքը, հեռացվել է ձախ երիկամը: 8 ժամ վիրահատությունից հետո առավոտյան ժամը 6-ին տեղափոխվել է կենտրոնական կլինիկական հոսպիտալ:
Երկու զինծառայողների վիճակը թեթև է, գնդակային վիրավորումներ են եղել ստորին վերջույթների, համապատասխան բժշկական օգնությունը ցուցաբերվել է, հուսով են՝ կարճ ժամանակ հետո շարք կվերադառնան»,- ասել է նա:
Իսկ հարցին, թե ինչո՞ւ էր ՊՆ-ն հաղորդագրություն տարածել, թե ադրբեջանական կողմի հերթական սադրանքի արդյունքում սկսված ինտենսիվ փոխհրաձգության հետևանքով զինծառայողները հրազենային թեթև վիրավորում են ստացել, երբ մեկը ծայրահեղ ծանր է, գնդապետ Օհանյանը պարզաբանեց:
«Այդ գնահատականը տրվել է վիրավորում ստանալուց շատ կարճ ժամանակ հետո: Իրականում յուրաքանչուր վիրավորումը, եթե կենսամահի չի բերում, նախատեսում է, որ վիրավորում ստացած զինծառայողն ադեկվատ է լինում, հարցերին պատասխանում է, հնարավորություն է տվել այդպես գնահատել: Երբ տեղափոխվել են Գեղարքունիքի հոսպիտալ, մասնագետներն ուսումնասիրել են և վիրահատության ընթացքում տեսել են, որ վիճակը ծանր է»,- ասել է նա:
Միջադեպի հետ կապված Քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ՝ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով երկու և ավելի անձանց սպանության փորձի համար: