«Տեղեկություն կա, որ մինչև օգոստոսի 30-ը նոր փաստաթուղթ է ստորագրվելու». Գառնիկ Դավթյանը՝ 168․am-ի հետ զրույցում

«Պուտին-Ալիև, Պուտին-Փաշինյան հանդիպումներն ուղղակի պատահական հանդիպումներ չեն. Ըստ Ադրբեջանական սոցցանցերից ստացվող տեղեկությունների՝ խոսակցություն կա այն մասին, որ մինչև օգոստոսի 30-ը պատրաստվում են փաստաթուղթ ստորագրել: Թե ինչ բնույթի կլինի այդ փաստաթուղթը, առաջիկայում ավելի ակնհայտ կլինի՝ ըստ քաղաքական զարգացումների»,- 168․am-ի հետ զրույցում ասել է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը:

 

Նրա խոսքով՝ օգոստոսի 30-ը նշվում է՝ որպես ԽՍՀՄ-ից Ադրբեջանի անկախացման տարեթիվ. «Բայց երբ խոսում են ժամկետի մասին, հստակ չեն նշում՝ օգոստոսի 30, այլ նշում են՝ օգոստոսի 24-30-ն ընկած ժամանակահատվածում: Թե այդ քաղաքական վերադասավորումներն ինչպիսի զարգացում կունենան, ընթացքը ցույց կտա»:

 

Կրեմլում տեղի ունեցած Պուտին-Ալիև բանակցությունների ժամանակ ՌԴ նախագահը նշել է, որ ամենակարևոր հարցերից մեկը մնում է տարածաշրջանում իրադրության կարգավորումը, և դիմելով Ալիևին՝ Պուտինն ասել է. «Գիտեմ, որ Դուք այդ հարցին, բնականաբար, շատ մեծ ուշադրություն եք դարձնում, մեծ տեղ եք հատկացնում դրան։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել, որ գտնվում են նաև փոխզիջումային լուծումներ։ Դրանք միշտ էլ ամենաբարդն են։ Բայց եթե մենք ցանկանում ենք կարգավորման հասնել, իսկ մենք բոլորս էլ ցանկանում ենք, ապա պետք է գնանք այդ ճանապարհով։ Մինչ այժմ մեզ դա հաջողվել է, ինչի համար ցանկանում եմ շնորհակալություն հայտնել»:

Գառնիկ Դավթյանի խոսքով՝ Վլադիմիր Պուտինի հայտարարությունից էլ է ակնհայտ, որ որոշակի փաստաթղթի շուրջ աշխատանք է գնում. «Ենթադրում եմ, որ այդ փաստաթղթում կան տարածքների վերաբերյալ փոխզիջումային բանաձևեր, որոնք պարտադիր են երկուստեք ընդունման համար, խոսում եմ թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի մասին: Մի շատ կարևոր հանգամանք ևս ուզում եմ ընդգծել. Եթե վերցնենք մի հիպոթետիկ իրավիճակ և պատկերացնենք, որ ՌԴ-ի փոխարեն՝ այս հարցով զբաղվում է Ֆրանսիան կամ ԱՄՆ-ը, ապա ըստ իս՝ այս փաստաթղթի կազմումը և հետագա ընդունումն ավելի շատ ի վնաս Հայաստանի կլիներ, քան, որ հիմա այդ փաստաթղթով զբաղվում է ՌԴ-ն: Տեսեք՝ 44-օրյա պատերազմը ակնհայտ ցույց տվեց, որ եվրոպական և արևմտյան երկրները շահագրգռված չէին՝ զսպելու Ադրբեջանին, ես խոսում եմ ահաբեկիչներին որպես պատերազմի գործիք օգտագործելու հանգամանքի մասին, ֆոսֆորային զենքերի կիրառման մասին: Միայն Մակրոնի շուրթերից հնչեցին կոնկրետ մեսիջներ, բայց գործնական առումով ոչինչ չարվեց: Ինչ արվեց, արվեց Ռուսաստանի ջանքերի շնորհիվ»:

 

Ինչ վերաբերում է հնարավոր ստորագրվելիք փաստաթղթին, ապա Ադրբեջանի հարցերով փորձագետը հետևյալն ասաց. «Պետական մակարդակով խոսվել է անկլավների, Սյունիքում 3.5 կմ առաջ եկած ադրբեջանական զինվորների մասին, և դրանք էլ կներառվեն փաստաթղթում: Նաև խոսվում է դեմարկացիայի և դելիմիտացիայի մասին, սա նույնպես փոխկապակցված է Սյունիքում ադրբեջանական զորքերի տեղակայման հետ, և կարծում եմ, որ փաստաթուղթը նաև Սյունիքում այդ զորքերի վերաբերյալ է լինելու, թե նրանք, ի վերջո, որտեղ պետք է տեղակայվեն»:

Քաղաքականություն