Ես զբաղված եմ․ Արարատի մարզպետ․ «Հրապարակ»

Երեկվանից Արարատի մարզի Երասխ համայնքի սահմանին լարված է, մի քանի ժամ տեւել է ինտենսիվ փոխհրաձգություն, որի հետեւանքով  վիրավորում է ստացել Երասխ համայնքի ղեկավար Ռադիկ Օղիկյանը, ով այդ պահին կազմակերպում էր ադրբեջանցիների գործողությունների արդյունքում տեղանքում բռնկված հրդեհը մարելու աշխատանքները։

«Հրապարակ»-ը Երասխի համայնքապետարանից փորձել է իրադրության մասին տեղեկություն ստանալ, հեռախոսազանգին պատասխանած անձը հրաժարվեց որեւէ բան ասել՝ կրկնելով նույն հերթապահ պատասխանը․ «Ոչինչ չեմ կարող ասել»։ Լրատվականին գրեթե նույն պատասխանն է տվել  նաեւ Արարատի մարզպետ Ռազմիկ Թեւոնյանը՝ պատճառաբանելով, որ զբաղված է։

Հարցին ի պատասխան, թե ինչո՞ւ է խուսափում հանրությանը տեղեկատվություն փոխանցելուց, մարզպետը անջատեց հեռախոսը։

Նշենք, որ քիչ առաջ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն տարածեց, որում ,մասնավորապես, ասված է․ «Հուլիսի 19-ի ուշ երեկոյան և 20-ի գիշերը, մինչև ժամը 02։00, ադրբեջանական զինված ուժերը շարունակել են հրաձգային զինատեսակներից, առանց ականանետերի կիրառման, գնդակոծել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերը»։