ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ակնաբույժը երկու անգամ պետպատվերի շրջանակում երեխայի ծնողներից գումար է շորթել

Ազգային անվտանգության ծառայության և ոստիկանության համատեղ ձեռնարկած ծավալուն միջոցառումների արդյունքում շորթմամբ պահանջած փողը ստանալիս բռնվել է ակնաբուժական կլինիկայի վիրաբույժը։ Այս մասին տեղեկացնում է Ոստիկանությունը:

 

Մասնավորապես, ձեռնարկած միջոցառումներով տվյալներ են ձեռք բերվել, որ Երևանի քաղաքապետարանի «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնի ակնաբուժական կլինիկայի վիրաբույժը, մի քաղաքացու անչափահաս որդուն նույն կլինիկայում, պետական պատվերի առկայության պայմաններում, աչքի վիրահատություն կատարելու համար, անցած տարվա օգոստոսին, քաղաքացուց շորթմամբ պահանջել է խոշոր չափերի հասնող՝ 250 հազար դրամ ապօրինի վարձատրություն, և սակարկումից հետո առձեռն նրանից ստացել է 225 հազար դրամ:

Բացի այդ, այս տարվա հուլիսի 7-ին նշված կլինիկայի նույն վիրաբույժը, նույն երեխային, կրկին պետական պատվերի առկայության պայմաններում, կրկնավիրահատություն կատարելու համար շորթմամբ պահանջել է խոշոր չափերի հասնող ևս 280 հազար դրամ ապօրինի վարձատրություն՝ հակառակ դեպքում հրաժարվելով կատարել վիրահատությունը: