Փաշինյանի կողմից հնչեցված ատելության խոսքն ու սպառնալիքներն ուղղված են եղել ոչ միայն քաղաքական մրցակիցներին, այլև ընտրողներին. Դավիթ Հարությունյան
Հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում տեղի են ունեցել այնպիսի ընտրախախտումներ, որոնք նախադեպը չեն ունեցել ՀՀ պատմության ընթացքում:
Այս մասին այսօր ՍԴ-ում շարունակվող ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու հայցի քննությանը հայտարարեց «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ, արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը:
«Դրանք երկակի հարված կարող են հասցնել պետականությանը: Մի կողմից այդ խախտումներն ուղղակի ապալեգիտիմացնում են ԱԺ-ն, որի հետևանքով շղթայական առումով վտանգվում են ԱԺ-ի կողմից հետագայում ձևավորվող մարմինների լեգիտիմությունը: Մյուս կողմից նման խախտումներին չարձագանքելը ձևավորելու է դրանց թույլատրելիության պրակտիկա հետագա տարիների համար՝ վտանգելով Հայաստանի ժողովրդավարական ապագան»,- ասաց Հարությունյանը:
Իրենց արձանագրած խախտումները Դավիթ Հարությունյանը ներկայացրեց 9 թեզերով.
- Ֆիզիկական ուժի կամ վարչական ներգործության սպառնալիք, հոգեբանական ահաբեկում,
- «Քաղաքացիական պայմանագրի» ցուցակի առաջին համարը, լինելով միաժամանակ իշխանության ներկայացուցիչ, խախտել է ընտրության ազատության սկզբունքը,
- ՄԻՊ հայտարարություններում արձանագրված փաստերը, որոնք հաստատում են ընտրությունների ընթացքում մարդու իրավունքների խախտման փաստը,
- Օրինական ուժի մեջ մտած դատական ակտով հաստատվել է, որ Փաշինյանի խոսքը պարունակել է սպառնալիքներ և որ այդ սպառնալիքները շարունակական բնույթ են կրել,
- Փաշինյանի հնչեցրած կոչերը ոչ միայն ընկալվել են իբրև իրական, այլ փաստացի իրական բնույթ են կրել (քրեական հետապնդումներ, հրաժարականներ, կադրային ջարդ),
- Իրավապահ համակարգի գործողություններն ու անգործությունը լրացուցիչ վնաս են հասցրել ազատ ընտրության իրավունքին,
- Ազատ ընտրության իրավունքի խախտումները կրել են այնպիսի բնույթ, որ ակնհայտերն առկա են ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու հիմքեր,
- Հանրային հեռուստատեսությամբ լուսաբանման խտրական պայմանները խախտել են հավասարության սկզբունքը,
- Փաշինյանն ապօրինաբար է զբաղեցրել վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնը:
Ներկայացնելով առաջադրված բոլոր թեզերի մասին վկայող փաստական հանգամանքներ՝ Դավիթ Հարությունյանն ավարտեց իր 1.5 ժամանոց ելույթը:
«Հարգելի բարձր դատարան, խնդրում ենք անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները,- ասաց Հարությունյանը,- մենք իրականում կանգնած են ճամփաբաժանի առջև, և ճանապարհներից մեկը նշված խախտումների լեգիտիմացումն է, որն անդառնալի վնաս կհասցնի ՀՀ ժողովրդավարությանը: Ես վստահ եմ, որ ՍԴ-ն կընտրի երկրորդ ճանապարհը»:
Ելույթից հետո Դավիթ Հարությունյանը պատասխանեց ՍԴ անդամների հարցերին: