ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բաքվի համար ականապատ դաշտերի քարտեզների հարցը դեռ լուծված չէ․ ՌԴ-ն հանդես է գալիս առանց նախապայմանների հարցի կարգավորման օգտին

Ականապատ դաշտերի քարտեզների փոխանցման հարցը դեռևս չի հաջողվել վերջնականապես լուծել։ Այս մասին հուլիսի 9-ին կայացած ճեպազրույցի ընթացքում հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ 

 

Ըստ Զախարովայի՝ Բաքվի համար ականապատ դաշտերի քարտեզների փոխանցումը «բացարձակ առաջնահերթություն է», և Ռուսաստանը հանդես է գալիս առանց նախապայմանների հարցի կարգավորման օգտին։

Մարիա Զախարովայի խոսքով՝ 2020 թվականի դեկտեմբերից սկսած ռուսական կողմի միջնորդությամբ վերադարձվել է 97 ռազմագերի, որից 81-ը վերադարձվել են Հայաստան, 16-ը՝ Ադրբեջան։

Հիշեցնենք, որ հունիսի 12-ին 15 հայ ռազմագերիների դիմաց հայկական կողմը Ադրբեջանին փոխանցեց Աղդամի շրջանի ականապատ դաշտերի քարտեզները։ Հուլիսի 3-ին էլ կրկին 15 հայ ռազմագերիների դիմաց Հայաստանը Բաքվին փոխանցեց Ֆիզուլու և Զանգելանի շրջանների քարտեզները։