
Շոտլանդիայում քաղցկեղով հիվանդ փեսացուն մահացել է եկեղեցում՝ ամուսնությունից րոպեներ առաջ

Շոտլանդիայից 57-ամյա Փոլ Վինը, ով անբուժելի քաղցկեղ է ունեցել, կորցրել է գիտակցությունն ու մահացել ամուսնությունից րոպեներ առաջ, երբ նրա հարսնացու Էլիսոնը, իրենց որդու հետ միասին, քայլել է դեպի եկեղեցու խորանը, հաղորդում է Gazeta-ն՝ վկայակոչելով Daily Mail-ին:
Փոլն ու Էլիսոնը 21 տարի միասին են եղել, բայց ճակատագրական ախտորոշման մասին իմանալուց հետո որոշել են ամուսնանալ: Բժիշկները նախազգուշացրել են Փոլին, որ նրան երկու ամսվա կյանք է մնացել, քանի որ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը տարածվել է լյարդի եւ թոքերի վրա:
Տղամարդը ուշաթափվել է հենց այն պահին, երբ հարսնացուն քայլել է դեպի իրեն: Էլիսոնի խոսքով՝ ինքը հասկացել է, որ ինչ-որ բան այն չէ, երբ Փոլը կտրուկ ընկել է կողքի աթոռին։
«Ես մոտեցա նրան եւ մի քանի անգամ տվեցի նրա անունը: Նա չշրջվեց, ինձ չնայեց, եւ ես հասկացա, որ ինչ-որ բան այն չէ, եւ ինձ մոտ նյարդային նոպա սկսվեց, եւ ես սկսեցի գոռալ նրա անունը»,- ասել է նա:
Բժիշկները շտապել են փեսային առաջին օգնություն ցուցաբերել, բայց նրան չի հաջողվել վերակենդանացնել: