Քանաքեռ-Զեյթունում խմելու ջուրն աղտոտված է․ փորձանմուշներ են վերցվել

Քիչ առաջ Auroranews-ը ահազանգ ստացավ քաղաքացիներից այն մասին, թե այսօր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի մանկապարտեզներից մեկից զանգել են ծնողներին և հորդորել գալ և վերցնել երեխաներին։ Պատճառաբանվել է, թե ջուրը աղտոտված է և տարօրինակ գույն ունի։  

 

Auroranews-ը կապ հաստատեց «Վեոլիա Ջուր ՓԲԸ»-ի հանրային կապերի բաժնի պետ Մուրադ Սարգսյանի հետ, ով ասաց, որ տեղյակ են նշված խնդրից։ 

 

«Տեղյակ ենք,  ջրի որակի լաբարատորիայի աշխատակիցները  վերցրել են փորձանմուշներ, որոնց ստուգումը ցույց է տվել, որ անգամ այս վիճակում ջուրը վտանգավորություն չի ներկայացնում առողջության համար։  Փառք Աստծո, առողջապահական հիմնարկներ դիմողներ չեն եղել։ Ինչ վերաբերում է պատճառին, այն մեզ համար էլ է հետաքրքրություն ներկայացնում, այդ իսկ պատճառով «Վեոլիա Ջուր ՓԲԸ»-ի աշխատակիցները տեխնիկական սարքերի կիրառմամբ զբաղված են ողջ տարածքի ստուգմամբ և ջրագծի հնարավոր վթարի հայտնաբերման և վերացման աշխատանքով»,-ասաց Սարգսյանը։  

 

Խնդրին արձագանքել է նաև  Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանը՝ տարածելով հայտարարություն․

 

«Քանաքեռ-Զեյթունի հարգելի բնակիչներ, տեղեկացնում ենք, որ այսօր առավոտվանից վարչական շրջանի մի քանի բնակիչներից ստացել ենք ահազանգ այն մասին, որ ծորակի ջուրը պղտոր է կամ ժանգագույն:  
Վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի համապատասխան աշխատակիցները կապվել են <Վեոլիա ջուր> ընկերության հետ, փոխանցել ահազանգը:  
Ապահովության համար վարչական շրջանի ղեկավարի հրահանգով կասեցվել են վարչական շրջանի մանկապարտեզների աշխատանքները:  
Ջրամատակարար օպերատորի հետ տարվում է համապատասխան գործառույթ՝  պարզելու ջրի պղտորվածության պատճառը և վերացնելու հետևանքը: 
Իրավիճակը վերահսկողության տակ է»,-նշված է հաղորդագրությունում: