Նիկոլ Փաշինյանի և Արայիկ Հարությունյանի շնորհավորանքները ռուս ժողովրդին ազգային տոնի կապակցությամբ
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Ռուսաստանի օրվա կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, նշված է.
«Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի,
Սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Ռուսաստանի եղբայրական ժողովրդին պետական տոնի` Ռուսաստանի օրվա առթիվ:
Ռուսաստանի նորագույն պատմության մեջ հունիսի 12-ը մարմնավորում է երկրի քաղաքական և տնտեսական ոլորտներում հիմնարար վերափոխումները, միջազգային ասպարեզում Ռուսաստանի դերի ու տեղի էլ ավելի ամրապնդումը:
Այսօր Հայաստանն ու Ռուսաստանը հետևողականորեն զարգացնում են հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները, որոնց հիմքում ընկած է մեր ժողովուրդների դարավոր բարեկամության ամուր հիմքի վրա բազմաբնույթ փոխգործակցություն կառուցելու ձգտումը։
Համոզված եմ, որ հայ-ռուսական միջպետական հարաբերությունները կշարունակեն զարգանալ դաշնակցային փոխգործակցության հունով` հանուն մեր պետությունների շահերի, տարածաշրջանային կայունության և անվտանգության ապահովման:
Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի,
Տոնական այս օրը մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և նորանոր հաջողություններ Ձեր պատասխանատու պաշտոնում, իսկ Ռուսաստանի ժողովրդին՝ երջանկություն և բարեկեցություն»:
-
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը շնորհավորել է ռուս ժողովրդին ազգային տոնի կապակցությամբ:
Այսօր եղբայրական ռուս ժողովուրդը տոնում է իր ազգային տոնը՝ Ռուսաստանի օրը: Մենք ի սրտե շնորհավորում ենք մեր բարեկամ երկրին հիշարժան տոնի կապակցությամբ, տոն, որն ազդարարեց բազմադարյա պատմության նոր փուլի, շրջադարձային իրադարձությունների և արմատական բարեփոխումների սկիզբը՝ ուղղված բնակչության կենսամակարդակի բարձրացմանը, պետության հետագա զարգացմանն ու զորացմանը:
Հարյուրամյակներ շարունակ մեր երկու ժողովուրդներն ունեցել են պատմական, մշակութային, հոգևոր, արժեհամակարգային ընդհանուր հենքի վրա խարսխված ամուր ու ջերմ կապեր: Դարեր շարունակ, գտնվելով աշխարհաքաղաքական վայրիվերումների հորձանուտում, Արցախը միշտ կարևորել է Ռուսաստանի անգնահատելի տեղն ու դերը մեր տարածաշրջանում, այստեղ խաղաղության ու կայունության պահպանման գործում:
Այսօր էլ մեզ հետ միասին Արցախի անվտանգությունն ապահովում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը: Մենք խորապես շնորհակալ ենք նրանց ու երախտապարտ: Շնորհակալ ենք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում ներդրած անձնական ջանքերի ու անուրանալի ավանդի համար:
Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից մեկ անգամ ևս շնորհավորում եմ մեր եղբայրներին նվիրական տոնի կապակցությամբ և մաղթում խաղաղություն ու բարգավաճում ռուս ժողովրդին և Ռուսաստանի Դաշնությանը, որը նաև միլիոնավոր հայերի հայրենքին է դարձել»: