
Արտակ Բեգլարյանը` Արցախի պետական նախարար

Արցախի հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը գրել է.
«Այսօր ԱՀ կառավարությանն եմ ներկայացրել նորանշանակ պետական նախարար Արտակ Բեգլարյանին, որը կհամակարգի չորս նախարարների գործունեությունը՝ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար, առողջապահության նախարար, արդարադատության նախարար, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար։
Այս կադրային որոշումը համարում եմ կարևոր և ճիշտ՝ հաշվի առնելով ճգնաժամային իրավիճակներում նրա ունեցած կառավարման փորձը, մասնագիտական և մարդկային որակները, մասնավորապես՝ սկզբունքայնությունը, արհեստավարժությունն ու պատասխանատվությունը։ Վստահ եմ՝ նոր պաշտոնում Արտակ Բեգլարյանը նույնպես կծառայեցնի իր գիտելիքներն ու ունակությունները պետական համակարգի արդյունավետության բարձրացմանն ու Արցախի զարգացմանը։
Թեև Արտակ Բեգլարյանին և նրա գրագետ ու բարեխիղճ գործունեությանը քաջածանոթ է ոչ միայն Արցախի բնակչությունը, այլ նաև ողջ հայությունը, սակայն կուզեի հակիրճ ներկայացնել նրա կենսագրությունը, որն ընթերցելուց հետո, համոզված եմ, որևէ մեկի մոտ կասկած չի կարող լինել, որ այս պաշտոնի ու նշված ոլորտների համակարգման համար ավելի համապատասխան թեկնածու հնարավոր չէ գտնել Արցախում»: