ՏԵՍԱՆՅՈՒԹ. Չէի կարող համաձայնություն տալ ինչ-որ գաղափարների, որոնք մեր ազգային և պետական շահի դեմ են եղել. Արա Այվազյանը
ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Արտգործնախարարության անձնակազմի հետ: Այս մասին տեղեկացնում է ԱԳՆ մամուլի բաժնից:
«Ես շատ դժվարությամբ եմ այս որոշումն ընդունել, բայց երբ ստանձնել եմ այս պաշտոնը, ինձ համար եղել է մի չափանիշ. այս նախարարությունը, որ ծնունդն է անկախության, պետք է անշեղորեն պաշտպանի մեր ինքնիշխանությունը, մեր անկախությունը, մեր պետական, ազգային շահերը։ Հուսով եմ, որ ձեզ ամոթով չեմ թողել, և իմ հրաժարականի որոշումը պայմանավորված էր հենց այդ պատճառով, որպեսզի երբևիցե որևէ կասկած չլինի, որ այս նախարարությունը կարող է ինչ-որ քայլ անել կամ համաձայնություն տալ ինչ-որ գաղափարների, նախաձեռնությունների, որոնք մեր պետականության, մեր ազգային և պետական շահի դեմ են եղել»: