«Ոմանք ուզում են, որ մենք համակերպվենք ադրբեջանական ուժերի ներկայության հետ». Փաշինյան
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստում հայտարարեց, որ Գեղարքունիքի սահմանային հատվածից հայ զինծառայողները ոչ թե գերեվարվել են, այլ առևանգվել ՀՀ տարածքից։
«Տեղի ունեցող գործընթացները բացարձակապես անընդունելի են մեզ համար և տեղի են ունենում այն պատճառով, որ ոմանք ուզում են` մենք համակերպվենք մեր տարածքում ադրբեջանական ուժերի ներկայության հետ, ինչը տեղի ունենալ չի կարող»,– ասաց Փաշինյանը։
Վարչապետի պաշտոնակատարը նաև հայտնեց, որ ՀՀ տարածքից առևանգված հայ զինծառայողներն իրականացնելիս են եղել ականապատման աշխատանքներ։ «Ընդ որում ուզում եմ հատուկ ընդգծել, որ այդ աշխատանքներն արվել են` զուգորդվելով հատուկ զգուշացնող նշանների տեղադրմամբ։ Այսինքն` դա արվել է ոչ թե դիվերսիոն նպատակներով, այլ նշաններ են տեղադրվել տարածքի ականապատված լինելու վերաբերյալ։ Այս գործողություններն իրականացվել են մեր սահմանի պաշտպանվածության մակարդակը բարձրացնելու նպատակով»,– ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով` սա ոչ թե սովորական իրադարձություն է, ինչպես փորձում են ներկայացնել Ադրբեջանի իշխանությունները, այլ ՀՀ տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը սպառնացող վտանգ։
Փաշինյանը շեշտեց, որ Հայաստանն այս հարցով դիմելու է միջազգային բոլոր կառույցներին, որպեսզի ադրբեջանական ապատեղեկատվությունը չտարածվի։