
Մի քիչ առաջ նայում էինք՝ էս յանով 2 հոգի էին երևում, մյուս կողմում մի 5-6 հոգի էին. Կութի ղեկավարը՝ իրավիճակի մասին. Аrmdaily

Ինչպես արդեն հայտնի է, Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի ուղղությամբ ադրբեջանական զորամիավորումները 200-300 մետր առաջ են եկել և դիրքավորվել են։
ArmDaily.am-ի հետ զրույցում Կութի վարչական ղեկավար Սիմա Չիտչյանը հայտնեց, որ մինչև այս պահը ոչ մի փոփոխություն չկա։
«Ոչ մի խախտում չկա։ Նույնիսկ իրանցից էլ մոտիկ պոստեր են մեր պոստերը։ Իրանք վերև են, մերոնք իրանցից մի քիչ ներքև։ Բայց ոչ մի խախտում ոչ մի բան ոչ լսել ենք, ոչ նկատել ենք, ոչ էլ եղել ա»,- ասաց Չիտչյանը։
Նա հայտնեց, որ գյուղացիները շատ ուշադիր հետևում են և դրսում անընհատ հակառակորդի շարժին են նայում։
«Գրասենյակ էլ չենք նստում, դուրս եկած անընդհատ էտ պոստերին ենք նայում»,- ասաց վարչական ղեկավարը։
Հարցին՝ հակառակորդին հետևելու ընթացքում որևէ տեղաշարժ կամ անհանգստացնող ակտիվություն չեն նկատում, Չիտչյանը պատասխանեց. «Ոչ կրակոց ենք լսում, ոչ էլ մեզ մոտ շարժ ա եղել, որ ասենք աշխուժացան։ Օրինակ մի քիչ առաջ նայում էին, էս յանով երկու հոգի էին երևում, մյուս կողմում մի 5-6 հոգի էին երևում, վերևի պոստում ընդհանրապես շարժ չկար։ Իրենց խփած վրաններն են մտնում ու դուրս գալիս։ Չես կարող ասել, թե քանի հոգով են կանգնած ամեն տեղ, որովհետև մեկ 5 են դառնում, մեկ՝10-ը, մեկ՝ 2։ Շատով եղել են էն սկզբի ժամանակ, բայց մենք չենք տեսել։ Մերոնք էին ասում, որ իրենք շատ են»։
Հարցին, արդյոք ադրբեջանցիների կողմից գյուղի կենդանիներին գողանալու փորձեր չեն եղել՝ Չիտչյանը նշեց, որ եթե դրությունը չփոխվի հետագայում արոտավայրերի խնդիր կլինի։
«Անասունները դեռ արոտի չեն հասնում այնտեղ, էս մոտիկ տարածքներում են։ Հլը որ դրան չի հասել, բայց հեսա որ խոտը պրծնի, վերջանա մի քիչ բարձրանան՝ խնդիրներ լինելու են, եթե էս հարցը չլուծվի շուտ։ Բարձրանալու են, հո տենց սոված չեն կոտորվելու, անասուն ա՝ փախնելու ա, սովոր են մեր արոտներին։ Էտ ժամանակ չգիտեմ՝ ինչ կլինի, ոնց կլինի»,- ասաց Չիտչյանը։