
Հնարավոր է` Երևան-Գյումրի-Երևան ուղղությունը սպասարկող շարժակազմն ավելանա. ՀԿԵ

Երևան-Գյումրի-Երևան ուղղությամբ ուղևորափոխադրումների կտրուկ աճով պայմանավորված՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը դիտարկում է հանգստյան օրերին երթուղին սպասարկող էլեկտրագնացքների վագոնների քանակի ավելացման հնարավորությունը: Տեղեկությունը հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։
«Մասնավորապես անցյալ հանգստյան օրերին արձանագրվել է Գյումրու ուղղությամբ ուղևորահոսքի կտրուկ աճ: Մեկնել կարողացան ոչ բոլոր ցանկացողները, ուստի Հարավկովկասյան երկաթուղին ներողություն է խնդրում պատճառած անհարմարության համար»,– նշված է հաղորդագրության մեջ:
Այդ պատճառով ընկերությունն այժմ դիտարկում է Երևան-Գյումրի-Երևան երթուղու էլեկտրագնացքների վագոնների քանակի ավելացման հնարավորությունները:
«ՀԿԵ» ՓԲԸ-ն «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերությունն է և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով: