
«Իմ քայլը» խմբակցության պատգամավորին ՀՀ քաղաքացին ընկալում է որպես իրենից մեկը. Բաղդասարյան

Այս խորհրդարանի գլխավոր ձեռքբերումներից մեկն այն է, որ այսօր ԱԺ պատգամավորին, մասնավորապես «Իմ քայլը» խմբակցության պատգամավորին ՀՀ քաղաքացին ընկալում է որպես իրենից մեկը։ Խորհրդարանում այս մասին ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը։
«Մենք ձեզանից մեկն ենք, որովհետև հազիվ թե որևէ պատգամավորի տեսնեք թիկնազորով, հազիվ թե տեսնեք ինչ-որ ճոխ մեքենաներով, շրջագայություններով։ Որևէ մեկի համար արդեն զարմանալու առիթ չէ, եթե պատգամավորին դրսում տեսնեն ճեմելով, մարզերում այցելություններով։ Սա մեր գլխավոր ձեռքբերումն է»,-նշեց պատգամավորը։
Նազելի Բաղդասարյանի խոսքով իրենց ընդդիմադիր հռչակած որոշ ուժեր փորձում են վերարտադրվել։ Պատգամավորի կարծիքով այդ ուժերի նպատակը մեկն է՝ ՀՀ քաղաքացուն հպատակ դրաձնել։
«Մեր հիշողության մեջ վառ են այն դրվագները, որոնք եղել են նախորդող տասնամյակներում։ Այո, նրանց հաջողվել է ունեզրկել մեզ, բայց երբեք չզրկել հպարտությունից։ Իրենց հաջողվել է ազատազրկել մեզ, բայց երբեք չզրկել ազատ մտածողությունից։ Իրենց հաջողվել է ճնշել մեզ, բայց չզրկել արժանապատվությունից։ Այսօր ՀՀ արժանապատիվ քաղաքացիները շարունակելու են պայքարել հանուն այս երկրի»,-ասաց Նազելի Բաղդասարյանը։