Ես իմ անունից չեմ խոսի, կխոսեմ Սերժ Սարգսյանի անունից. պատգամավոր

Անցած 2 տարի 3 ամիսների ընթացքում այս խորհրդարանում ընդդիմության կողմից ներկայացվել ու ընդունվել է այնքան նախագիծ, որքան չի եղել, օրինակ՝ անցնող 10-15 տարիների ընթացքում՝ հայտարարեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը:

«Էս երկու տարվա ընթացքում ավելի շատ նախագիծ է ընդունվել ընդդիմության ներկայացրած, քան նախորդ 10-15 տարվա ընթացքում: էստեղ ընդդիմութունը, բնականաբար, կարող է հակադարձել, որ եղել են նախագծեր, որոնք չեն անցել: Այո՛, հարգելի ընդդիմություն, ձեր կողմից եղել են նախագծեր, որոնք չեն անցել: Ամփոփելով 7-րդ գումարման խորհրդարանը՝ ուզում եմ ասել, որ ինձ համար մի կարևոր բան կար այստեղ, ես էստեղ ժողովրդի ներկայությունը տեսա: Այո՛, մեկս մի քիչ բարկացող էր, մյուսը՝ հայհոյող էր, մեկը՝ նեղացկոտ էր, մյուսը՝ գրագետ էր. սա ընդհանուր կերպարն էր, որը տիրում էր խորհրդարանում»,- նշեց Գաբրիելյանը:

Գաբրիելյանն անդրադարձավ արդարադատությանը. «Ես իմ անունից չեմ խոսի, կխոսեմ Սերժ Սարգսյանի անունից: Սերժ Սարգսյանը հանցագործություն է կոծկել Հայաստանի Հանրապետությունում: Վերջերս իր հարցազրույցում՝ հարցին, թե ինչու չկալանավորեցիք, երբ մտան ռադիոտուն, մարդը շատ ուղիղ դեմքով ասում է՝ դե, ակնհայտ էր, կար հանցագործություն, բայց որոշեցինք՝ պետք չի նման բան անել: Ես զարմանում եմ՝ իրավապահ մարմինները մինչև հիմա ինչու այս հայտարարության հետքով չեն գնում, որովհետև ով ես դու, որ որոշես՝ ինչ-որ հանցագործություն արած անձի կալանավորե՞ն, թե ոչ»,- նշեց Գաբրիելյանը: