Փոփոխությունները չեն տարածվելու հունիսին կայանալիք արտահերթ ընտրությունների վրա․ Իոաննիսյան

«Ընտրական օրենսգրքում» փոփոխությունների նախագիծը որոշվեց ընդունել 24-ժամյա ռեժիմում: «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այս առնչությամբ ասաց, որ այդ ընդունվող նախագծով որևէ կարգավորում չի տարածվելու արտահերթ ընտրությունների վրա։ 

 

«Սա խնդրահարույց է և, բնականաբար, խնդրահարույց է այն 24-ժամյա ռեժիմով ընդունելը: Հետևաբար՝ այն հիմնավորված կլիներ, եթե նախագիծը կամ դրա որոշ կարգավորումներ տարածվեին 45 օր հետո նախատեսված ընտրությունների վրա: Այս փոփոխությունները չեն տարածվելու հունիսին կայանալիք արտահերթ ընտրությունների վրա, սակայն դրանք ազդելու էին արտահերթ ընտրությունների որակի վրա՝ կանխելու էին բազմաթիվ տեսակի խախտումներ: Այնուհետև՝ մի շարք կարգավորումներ դուրս մնացին նախագծից եւ այլևս չեն ներառվելու։ Քանի որ նախագիծը հրատապության ռեժիմով է քննարկվում, պատշաճ քննարկումների ժամանակ չի մնացել»: 

 

Դանիել Իոաննիսյանն ասաց, որ վարչական ռեսուրս ունեն ինչպես «Իմ քայլը», այնպես էլ՝ գյուղապետերն և այլն։ Նախագիծը, որը մինչ այս քննարկվում էր, շրջանառվում էր, ուղարկվել էր Վենետիկի հանձնաժողով, բավականին պակասեցնում էր այդ ռիսկը: Իսկ վերջին պահին ուղղակի «delete» կոճակը սեղմելով՝ բազմաթիվ դրույթներ, այդ թվում՝ քարոզարշավի կանոնների հետ կապված դրույթները հանեցին նախագծից։

«Ես չեմ ուզում տպավորություն ստեղծվի, թե սա քաղհասարակության գրած նախագիծն էր»: Լրագրողները հարցրեցին կոռուպցիայի դեմ պայքարից, Փաշինյանն ասում է, որ կոռուպցիայի ողնաշարը կոտրվել է, այդպե՞ս է՝ Իոաննիսյանը պատասխանեց. «Հայաստանում կոռուպցիայի մակարդակը էապես փոխվել է: Կամք կա կոռուպցիայի դեմ պայքարի: Ինստիտուցիոնալ կարողությունները ցավոք այնպիսին չեն, ինչպիսին մենք եւ ամբողջ հասարակությունը կուզեր»,- լրագրողների հետ հարցուպատասխանի ընթացքում ասել է Իոաննիսյանը։: 
 

Քաղաքականություն