ՄԻՊ-ի փաստաթղթավորած ինֆորմացիան ԱԳՆ-ն շատ կարևոր է, որ օգտագործի. Էդմոն Մարուքյան
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը կարծում է, որ Հայաստանը բացառիկ երկիր է, որտեղ ՄԻՊ-ը բախվում է մի իրականության հետ, որին աշխարհի ոչ մի այլ օմբուդսմեն չի բախվել՝ հարևան պետության գործողությունների հետևանքով ոչ միայն պաշտպանել մարդու իրավունքները, այլ նաև պատերազմական հանցագործությունների վերաբերյալ իր փաստաթղթավորած փաստերը դարձնել միջազգային հետաքննության առարկա։
«Այս իմաստով, ես կարծում եմ, որ ՄԻՊ գործողությունները գերազանց են, և խորհրդարանը պետք է աջակցի պաշտպանի ինստիտուտին, որովհետև մենք այս փորձով տեսնում ենք, որ ՄԻՊ-ը մի մակարդակի է հասել, որը միջազգային ուսումնասիրության առարկա է։ Բացի այդ, պաշտպանի ինստիտուտի գործունեությունը նաև կարևոր է արտաքին քաղաքականության մեջ։ Ես՝ որպես ԵԽԽՎ պատվիրակ՝ ՄԻՊ զեկույցներն եմ օգտագործում մոնիթորինգի հանձնաժողովում իմ գործունեությունը կազմակերպելիս։ Եվ դա գնահատվում է որպես անաչառ ինֆորմացիա՝ կազմված «A» մակարդակ ունեցող պաշտպանի կողմից։ Եվ տարբեր պատվիրակներ ինձ ասում են, որ մենք շատ լավ պաշտպան ունենք»,- ներկայացրեց պատգամավորը։
Նա նշեց՝ հիացած է ՄԻՊ աշխատանքով, որի շնորհիվ հնարավորություն է բացվել ընդդեմ Ադրբեջանի վայրագությունների ամեն բան փաստաթղթավորել և հետևողական լինել, որ պատերազմական հանցագործությունների համար Ադրբեջանը պատժվի։
«Շատ կարևոր է, որ ԱԳՆ-ն ՄԻՊ-ի փաստաթղթավորած ինֆորմացիան օգտագործի։ Եվ բացի այդ, մենք մեր ՄԻՊ-ից պետք է ակնկալենք այն ամենը, ինչն անելու համար նա պատասխանատու և ունի լիազորություններ։ Հորիզոնական հարաբերություններում պաշտպանն անելիք չունի, նրա գործունեությունը պետություն-մարդ հարաբերությունների հետ է կապված»,- ասաց Էդմոն Մարուքյանը։