ԱՄՆ-ն ողջունում է Ադրբեջանի կողմից 3 հայ պահվող անձանց ազատ արձակումը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենն իր թվիթերյան պաշտոնական էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով նախօրեին Ադրբեջանի կողմից հայ գերիների ազատ արձակմանը: 

«ԱՄՆ-ն ողջունում է Ադրբեջանի կողմից երեք հայ պահվող անձանց ազատ արձակումը: Մենք կոչ ենք անում երկու կողմերին էլ ամբողջությամբ և արագորեն ավարտել բոլոր բանտարկյալների, կալանավորվածների և մնացած անձանց փոխանակման գործընթացը և հարգել պահվող անձանց նկատմամբ մարդասիրական վերաբերմունքն ապահովելու իրենց պարտավորությունները»,- գրել է Բլինկենը: 

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, նախօերին 3 հայ գերիներ Բաքվից վերադարձվել են Երևան: 

Այս առնչությամբ ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի գրասենյակից հայտնել էին, որ «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերի արդյունքում և միջազգային հանրության օրեցօր աճող ճնշման պայմաններում Ադրբեջանը վերադարձրել է երեք հայ ռազմագերների: Լիահույս ենք, որ այս գործընթացը կունենա իր տրամաբանական շարունակությունն ու շուտափույթ ավարտը»:  

Նշենք՝ գերիների վերադարձի մասին ավելի վաղ հայտարարել էին ադրբեջանական լրատվամիջոցները, նշվում էր, որ նրանք գերեվարվել են պատերազմի ավարտից հետո։ 

Հիշեցնենք՝ Ադրբեջանից Հայաստան վերադարձած գերիների թիվն ընդհանուր առմամբ հասել է 72-ի: 

Հայկական կողմի տվյալների համաձայն՝ Ադրբեջանում անազատության մեջ շարունակում է մնալ շուրջ 200 հայ ռազմագերի ու քաղաքացիական անձ: 

Քաղաքականություն