Կապասնից հաստատում են, իսկ նախարարությունը հերքում է լուրը, թե Սոսիների պուրակի մեծ մասը ազերիների տարածքում է

Շրջակա միջավայրի նախարարությունը հերքում է մամուլում շրջանառվող տեղեկությունները, թե «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի պահպանության ներքո գտնվող «Սոսու պուրակ» արգելավայրն անցել է Ադրբեջանի հսկողության տակ։ Պուրակը, որի տարածքը կազմում է 64.2 հա, նախարարության հավաստիացմամբ՝ գտնվում է Հայաստանի Հանրապետության պետական սահմաններում։ «Սոսու պուրակ» արգելավայրը ստեղծվել է համաձայն ՀՍՍՀ Մինիստրների սովետի 1958 թվականի սեպտեմբերի 13-ի N 341 որոշման: Այն գտնվում է Հարավային Հայաստանի Սյունիքի մարզի Մեղրու լեռնաշղթայի հյուսիսային մակրոլանջի ստորոտով անցնող Ծավ գետի ափին, հովտի ողողատային մասում, 700-750 մ բարձրության վրա։ Մինչև 2004 թվականը «Սոսու պուրակ» պետական արգելավայրը» գտնվում էր Կապանի անտառտնտեսության կազմում, որը, ըստ էության, պահպանությունն ապահովող լծակներ չուներ։ «Սոսու պուրակ» պետական արգելավայրը» ՀՀ կառավարության 2004 թվականի հուլիսի 15-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թ․ մայիսի 30-ի N 926-Ն որոշման մեջ» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ1044-Ն որոշման համաձայն առանց պետական արգելավայրի կարգավիճակի փոփոխության հանձնվել է «Շիկահող» պետական արգելոց» պետական ոչ առևտրային կազմակերպության ենթակայությանը՝ պահպանության և վերականգնման աշխատանքները արդյունավետ կազմակերպելու նպատակով։ Համաձայն ՀՀ կառավարության 2006 թվականի սեպտեմբերի 7-ի N1401-Ն որոշման՝ «Սոսու պուրակ» պետական արգելավայրի» սահմանների ճշգրտման և քարտեզագրման արդյունքում արգելավայրի տարածքի չափը կազմել է 64.2 հեկտար։

Քաղաքականություն