Ես չգիտեմ, թե նա ինչ է ասել, ֆեյսբուքից չեմ օգտվում. Սյունեցի պատգամավորը՝ սյունեցիներին ուղղված հայտարարության մասին

Անկախ պատգամավորներ Թագուհի Թովմասյանը, Աննա Գրիգորյանը, Սոֆյա Հովսեփյանը, Գոռ Գևորգյանը, Գևորգ Պետրոսյանը, Վարդան Աթաբեկյանը դիմել են ԱԺ երեք խմբակցություններին՝ Հրաչյա Հակոբյանի կողմից սյունեցիներին ուղղված արտահայտությունը քննելու համար էթիկայի հանձնաժողով ձևավորելու պահանջով։ 
ԱԺ կանոնակարգի համաձայն՝ խմբակցություններն իրավունք ունեն նախաձեռնելու էթիկայի հանձնաժողովի ստեղծում, սակայն Ազգային Ժողովի մեծամասնությունը կազմող ուժից է կախված՝ այն կձևավորվի, թե ոչ։ 

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիք այցին հաջորդեցին սյունեցիներին բերման ենթարկելու, իսկ երկու դեպքի մասով նաև խոշտանգումների ենթարկելու ու դա տեսանկարահանելու միջադեպերը, ինչի վերաբերյալ Հրաչյա Հակոբյանն ասել էր. «Պետք է այ տենց ստորանալով բերման ենթարկվեն»։ 

ArmDaily.am-ը փորձեց կապ հաստատել «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանի հետ, սակայն ապարդյուն։ 

Նույն խմբակցության պատգամավոր Նարեկ Ղահրամանյանն ասաց, որ տեղյակ չի, թե ինչ և ում մասին է արտահայտվել Հրաչյա Հակոբյանը։ 

«Անկեղծ, ես ոչ ֆեյսբուք եմ մտնում, ոչ լրատվական եմ հետևում, ժողովուրդ, այդքան ժամանակ չունեմ։ Երկրորդը չեմ կարծում, որ կձևավորվի, որովհետև ժամանակ չկա՝ երևի թե մնա եկող գումարման Ազգային Ժողովը կանի»,-ասաց Ղահրամանյանը։ 

Նա նշեց, որ այսպիսի արտահայտություններ նախկինում էլ են արվել ու դեռ կլինեն ու ցանկալի կլիներ, որ հանձնաժողով ստեղծվեր։ 

ArmDaily.am-ը հիշեցրեց, որ Նաիրա Զոհրաբյանի հարցով էթիկայի հանձնաժողով ձևավորեցին և հեռացրին հանձնաժողովի նախագահի պաշտոնից ժեխ բառը գործածելու համար, իսկ այս պարագայում ստացվում է, որ ոչ, հետևաբար չի կարծում արդյո՞ք, որ ընտրողական վերաբերմունք կա, Ղահրամանյանը պատասխանեց.«Ախր ես չգիտեմ Դուք ինչի մասին եք խոսում, ում ա ասել Հրաչյա Հակոբյանը, ինչի մասին ա ասել։ Հիմա ասում եք կա այսպիսի մի դեպք, հիմա Դուք ինչքանո՞վ եք վստահ, որ այդպիսի դեպք կա։ Դուք Գորիսի քաղաքապետի մասին եք չէ՞ խոսում, ո՞վ ասեց, որ նման բան առհասարակ եղել ա։ Երևի ինչ-որ մեկը ստատուս է գրել։ Եթե այդ մարդն է գրել, որ նման բան է եղել, ուրեմն ծառայողական քննություն պիտի սկսվի»։
Վերջում նա հավելեց, որ սխալ մարդու ենք դիմել և ինքը իրավասու չէ նման հարցով կարծիք հայտնել։ 

Հիշեցնենք, որ Նարեկ Ղահրամանյանը Ազգային Ժողովի պատգամավոր է ընտրվել «Իմ Քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով 2020 թվականի սպետեմբեի 23-ին և Կապանից է։

Քաղաքականություն