Իրեն չեմ էլ ուզում տեսնել. Կապանի քաղաքապետը՝ Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիք այցելելու մասին
Կապանի քաղաքապետ Գեւորգ Փարսյանը մամուլից է տեղեկացել այն մասին, որ Նիկոլ Փաշինյանն ուղևորվում է Սյունիքի մարզ։ NEWS.am-ի հետ զրույցում նա ասել է որ չի ուզում տեսնել Փաշինյանին։
«Մեզ մոտ իրավիճակն այնպես արագ է զարգանում տարբեր հարցերի շուրջ, այդ միջանցքի հարցը այնքան է անհանգստացնում, խոսակցություններն այդ առումով բավականին լրջանում են»,– ասել է Կապանի քաղաքապետը՝ պատասխանելով հարցին՝ եթե առաջարկ լինի վարչապետի հետ հանդիպելու, կհամաձայնի՞ մասնակցել դրան։
Մեր ճշտող հարցին, թե խոսքը Մեղրիի միջանցքի մասի՞ն է, Կապանի քաղաքապետն արձագանքեց.
«Գիտեք, մենք ասում ենք՝ Մեղրիի միջանցք, մեր թշնամին ասում է՝ Զանգեզուրի միջանցք, հիմա հարցեր կան՝ Մեղրիի միջա՞նցք է, թե՞ այդ միջանցքը վերաբերվում է Կապանին, Քաջարանին, Գորիսին, այդ ինչի՞ն է վերաբերվում, հասկանո՞ւմ եք, բազմաբովանդակ հարցեր կան եւ շատ հնարավոր է, որ համայնքի կամ տարածաշրջանային շահից ելնելով հանդիպումներ էլ լինեն տարբեր մարդկանց հետ։ Չեմ ուզում միանգամից կտրուկ բաներ ասել, ես իմ վերաբերմունքը վաղուց եմ ցույց տվել այդ անձի նկատմամբ»,– ասել է Կապանի քաղաքապետը։
Հիշեցնենք, որ ապրիլի 17-ին, Զառիթափ համայնքում բնակիչների հետ հանդիպմանը վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր. «Ադրբեջանում շարունակաբար ասում են՝ մենք «Զանգեզուրի միջանցք» ենք ունենալու: Լավ, հայտարարում են՝ հայտարարում են, մենք էլ ուրեմն Նախիջեւանի միջանցք ենք ունենալու, մենք էլ ուրեմն հյուսիս-ադրբեջանական միջանցք ենք ունենալու: Այսինքն՝ ճանապարհ կտանք՝ ճանապարհի դիմաց»։
«Այդ արտահայտություններն ինձ դուր չեն գալիս, մտահոգիչ ու անհասկանալի է՝ այդ մարդը հիմա նախադրյալնե՞ր է ստեղծում, թե՞ մեր թշնամու պահանջներին կամ այդ պայմանների համար ինչ–որ բաներ է կառուցում իր խոսքով»,– նկատել է Կապանի քաղաքապետը։