
«Զոհված զինծառայողի մեդալը տաքսու վարորդը չի փոխանցել». ՊԲ-ն հերքում է զոհվածի մորաքրոջ տարածած լուրը

Ֆեյսբուքյան օգտատեր Հասմիկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ Հադրութում զոհված իր քրոջ որդու մեդալը տաքսու վարդրոն է փոխանցել զոհվածի հորը: Նա ընդգծել է, որ այդ ձևով տված պարգևը ավելի շուտ ընտանիքի երեսին շպրտված ողորմության է նման, քան երախտագիտության:
«Ռոբերտն ա՝ քրոջս տղան։ Հետմահու «Արիության» մեդալով ա պարգևատրվել, որը տաքսու վարորդը հանձնել ա հորը։ Քաղաքում մի տեղ պայմանավորվել են տոպրակով տվել ու գնացել ա։
Կրկնեմ՝ Հադրութում զոհված 18 տարեկան տղայի «Արիության» մեդալը տաքսու վարորդն ա հանձնել։ ՏԱՔՍՈՒ ՎԱՐՈՐԴԸ՝
Ինչի՞ համար, որպես ի՞նչ։ Քանի օր ա փորձում եմ սա կուլ տալ, բայց կանգնել ա կոկորդիս ու դանդաղ խեղդում ա, շատ դանդաղ։
Հասկանու՞մ եք որ էս ձևով տված պարգևը ավելի շուտ ընտանիքի երեսին շպրտված ողորմության ա նման, քան երախտագիտության։ Հասկանու՞մ եք, որ դրանով ավելի շուտ անարգում եք էդ մարդկանց վիշտը, քան ոգեկոչում իրենց երեխայի հիշատակը։ Վստահ չեմ, որ հասկանում եք։ Կլինի՞ ինքներդ ձեզ, ինչու չէ՝ մեզ էլ, լավություն անեք ու էլ ոչ մեկին էս ձևով չպարգևատրեք։
Շնորհակալ ենք, բայց ձեզ պահեք էդ պարգևը։
Թարմացում՝ Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանը կապվեց հետս, ասաց, որ ինքն ու զինկոմիսարիատը իմ գրառումից են տեղեկացել Ռոբի մեդալի մասին։ Ներողություն խնդրեց, ասաց, որ անթույլատրելի է։ Մանրամասներն իմանալու համար կկապվի քրոջս ընտանիքի հետ։
Արմավիրից ԼՀԿ պատգամավոր Անդրեասյան Էդվարդը գրեց, ներողություն խնդրեց կատարվածի համար, մանրամասնրը ճշտելու համար Ռոբի մոր կոնտակը տվեցի», - գրել է Ռոբերտի մորաքույրը։
Սակայն Պաշտպանության բանակից այդ տեղեկությունը հերքում են: ՊԲ-ից հայտնում են, որ Ռոբերտ Կարապետյանի ոչ թե «Արիության համար», այլ՝ «Մարտական ծառայություն» մեդալը հարազատներին է հանձնել ոչ թե տաքսու վարորդը, այլ լեյտենանտ Էդգար Ապրեսյանը:
«Նշվածն իրականության հետ որևէ աղերս չունի: Երկրորդ՝ իրականում Ռոբերտ Կարապետյանի ոչ թե «Արիության համար», այլ՝ «Մարտական ծառայություն» մեդալը հարազատներին է հանձնել ոչ թե տաքսու վարորդը, այլ լեյտենանտ Էդգար Ապրեսյանը, որը մարտական գործողությունների ժամանակ եղել է այն ստորաբաժանմանը աջակցող դասակի հրամանատարը, որի անձնակազմի ներկայացուցիչներից է եղել Ռոբերտ Կարապետյանը:
Նախապես լ-տ Ապրեսյանը ցանկացել է մեդալը հանձնել զոհված զինծառայողի հարազատներին նրանց հարկի տակ, սակայն ծնողների կողմից մերժում ստանալուց հետո այն հանձնել է զոհված զինծառայողի շիրմաքարի մոտ վերջինիս հորը:
Զոհված զինծառայողների պարգևների հանձնման գործընթացը շարունակական է և այն իրականացվում է ոչ միայն զորամաս և ավելի բարձր օղակների հրամկազմի, այլև անմիջական հրամանատարների և մարտական ընկերների մասնակցությամբ:
Կոչ ենք անում զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին և սոցիալական ցանցերի անհատ օգտատերերին չշահարկել մեր ժողովրդի համար անչափ զգայուն նշանակություն ունեցող թեմաները և զերծ մնալ չստուգված տեղեկություններ հրապարակելուց», - նշված է ՊԲ-ի հայտարարության մեջ: