ՌԴ-ն պետք է որոշի՝ ինչպիսի Հայաստան է ցանկանում տեսնել․ Արմեն Սարգսյան
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել ռուսաստանյան «Սպուտնիկ» գործակալությանը՝ խոսելով Արցախում տեղի ունեցած պատերազմի, նաև հայ-ռուսական հարաբերությունների մասին։
- Աշնան պատերազմը կտրուկ փոխեց իրավիճակը Ղարաբաղի շուրջ: Սակայն, ըստ էության, գլոբալ առումով, Բաքվի հետ հակամարտությունն այդպես էլ չի լուծվել: ԼՂՀ-ն շարունակում է մնալ չճանաչված: Մնացել են գրավված տարածքներ և անկլավներ հյուսիսում և հարավում: Ներկա, նոր կամ նորացված իշխանությունները մի օր կլուծե՞ն այս խնդիրները:
- Ես բազմիցս ասել եմ, որ այս հակամարտության վերջնական լուծումը հնարավոր է միայն դրա հիմնական պատճառները վերլուծելուց և դրանց հետևանքները հաղթահարելուց հետո: Եվ այդ պատճառները բազմաշերտ են: Փաստն այն է, որ վաղ շրջանի խորհրդային ղեկավարության ոչ հասուն և անհեռատես ազգային-աշխարհագրական քաղաքականությունը դանդաղ գործող ռումբ ստեղծեց: Այն պայթեց 1980-ականների վերջին ու հանգեցրեց հայ բնակչության էթնիկ զտման և արյունալի պատերազմի: Կարևոր է հասկանալ, որ պատերազմը հայկական կողմի ընտրությունը չէր. այն պարտադրված էր Ադրբեջանի և Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից:
Անկախությունը նույնպես արցախահայության պարզ ցանկությունը չէր. այն դարձավ մի կողմից գոյապահպանության անվիճելի գործիք, մյուս կողմից՝ հնարավոր ադրբեջանական ագրեսիան զսպելու երաշխիք: Ինչպե՞ս է հնարավոր գտնել կարգավորման իրական մոդելներ` առանց հաշվի առնելու այս էական խնդիրները: Ի դեպ, այդ մասին հայտարարեց նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը` ընդգծելով պատմական առանձնահատկություններին ուշադրություն դարձնելու կարևորությունը, ներառյալ՝ 1915 թ. Հայոց ցեղասպանությունը:
- Հայկական պետության առաջին դեմքերի շարքում Դուք առավել փորձառու քաղաքական գործիչն եք, ով ճանաչված ու հարգված է Ռուսաստանում: Ըստ Ձեզ՝ այսօր ի՞նչն է պակասում հայ-ռուսական երկկողմ հարաբերություններում:
- Կարծում եմ, որ հայ-ռուսական հարաբերությունները պետք է զարգանան «առաքելություն երկուսի համար» բանաձևի հիման վրա: Օրինակ՝ առաջին առաքելությունը, ըստ իս, մեր տարածաշրջանում, Մեծ Եվրասիայում և ամբողջ աշխարհում խաղաղության և կայունության ամրապնդման համար պայմանների ստեղծումն է:
Հայ և ռուս ժողովուրդներն անցել են բազում պատմական փորձությունների միջով՝ ներառյալ երկու համաշխարհային պատերազմներ, և այդ պատճառով է, որ ամենաշատն են շահագրգռված միջազգային հարաբերությունների նոր համակարգի կառուցմամբ, որը կկարողանա համարժեքորեն արձագանքել վերահաս մարտահրավերներին և սպառնալիքներին:
Ռուսաստանը մեծ միջուկային տերություն է՝ պետականության՝ հնուց եկող ավանդույթներով, Հայաստանը ոչ մեծ պետություն է, որն ունի հսկայական ներուժ: Խոսքը Սփյուռքի մասին է, որը չափազանց լավ է ինտեգրված աշխարհի շատ երկրների՝ հասարակական, քաղաքական կյանքին՝ Մոսկվայից, Սան Ֆրանցիսկոյից մինչև Կանբերա ... Ասեմ ավելին, աշխարհը թևակոխում է մի դարաշրջան, երբ առաջին պլան դուրս կգան ցանցային պետությունները, և Հայաստանն այդպիսին դառնալու համար ունի բոլոր հնարավորությունները:
Իր հերթին Ռուսաստանը պետք է որոշի, թե ինչպիսի Հայաստան է ցանկանում տեսնել: Առաջինը թույլ և ծայրաստիճան կախված երկիր է, որտեղ անընդհատ պայքար է ազդեցության նեղ խմբերի, լիբերալների, ազգայնականների, արմատականների և պոպուլիստների միջև, ովքեր փնտրում են իրենց «մեծ եղբոր» բարեհաճությունը: Երկրորդն ուժեղ Հայաստանն է, որն իր բոլոր ռեսուրսներն ու ներուժն օգտագործում է իր հեղինակությունն ու իր դաշնակցին ուժեղացնելու և իր շահերն առաջ տանելու համար: Սակայն դա արդարացի է միայն այն դեպքում, եթե երկուսն էլ իրենց դաշնակցի շահերի պաշտպանությունն ընկալեն որպես իրենց սեփականը: Եվ նաև՝ երբ այդ հարաբերությունները հիմնված են վստահության և կանխատեսելիության վրա:
Նմանատիպ հոդվածներ
Արցախում Ադրբեջանի կողմից կռված սիրիացի վարձկանները բողոքում են. Թուրքիան չի վճարել պատերազմի համար խոստացված գումարները
Արցախում Ադրբեջանի կողմից կռված սիրիաց իվարձկանները բողոքում են, որ իրենց Թուրքիան չի վճարե լպատերազմի համար խոստաց...
Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման հարցը
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, որի...
Ես չեմ կարող Թուրքիային համարել բարեկամ երկիր. Ալեն Սիմոնյան
Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը Թուրքիային բարեկամ երկիր չի համարում։ «Երևանը մշտապես պատրաստ է եղել առանց...
Ավինյանի գրասենյակում ու «Իմ քայլում» տեղյակ չեն Մուրադովի հայտարարությանը. ArmDaily
Արցախում ռուսական խաղաղապահներ զորախմբի հրամանատար Ռուստամ Մուրադովը «Հրապարակի» լրագրողի հարցին ի պատասխան ասել է, որ գ...