
Բազմաֆունկցիոնալ շենքի կառուցման նպատակով Երևանում կատարվելու է հաստաբուն ծառերի սպանդ

Բազմաֆունկցիոնալ շենքի կառուցման նպատակով Երևանում կատարվելու է հաստաբուն ծառերի սպանդ: Մինչ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարում էր, թե երևանցիներին պետք է հետ վերադարձվի երբեմնի կանաչ Երևանը,
Արաբկիր վարչական շրջանում՝ Նաիրի Զարյան 140 հասցեում, մի քանի օր է, սկսվել են բազմաֆունկցիոնալ շենքի կառուցման աշխատանքներ: Այսօր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչները, ովքեր խնդրեցին, որպեսզի իրենց տվյալները չհրապարակվի, ասում էին.
«Տևական ժամանակ է, շենքի մի քանի բնակիչներով բողոքներ ենք ներկայացրել Երևանի քաղաքապետարան, բայց ոչ մի արդյունք:
ԽՍՀՄ տարիներին այս հատվածը բնակիչների համար դարձել էր հանգստի վայր: Տարվա ցանկացած եղանակին այստեղ էին անցկացնում:
Չգիտես, որ մի ոչ սրտացավ պաշտոնյայի ձեռք է գնացել, որ նման շինության թույլտվություն է տվել: Հիմա օրեր անց ականատես կլինենք, թե ինչպես են խաղահրապարակն ու այնտեղ գտնվող 50, 60, 70 տարեկան ծառերը, այդ թվում՝ բարդիներ ու եղևնիներ քոքից վերացվում:
Հետո էլ ասում են, թե նախորդները վատն էին:
Դուք նախորդներից տվեցիք, անցաք: Դուք ոչ միայն հայրենիքը չկարողացաք պահել, այլև մայրաքաղաքի կանաչ զանգվածներն եք ոչնչացնում, տեղը կառուցելով բետոնե քարե շենքեր:
Սա՞ էր ձեր պայքարը: Դուք Երևանը չեք սիրում, դուք Երևանը կամաց-կամաց գցում եք մահվան ճիրանների մեջ: Հույս էլ չունենք, որ հրապարակումը տեղ կհասնի, դրանք իրենց ուղեղներին զոռ կտան ու իրենց այդ սև գործը չեղյալ կհայտարարեն, այն է՝ նորից խաղահրապարակը կբերեն նախկին տեսքի, թեպետ էլի ենք ասում՝ սրանք հայրենիքն ատող չինովնիկներ են»: