Հադրութը խաղաղ բանակցային գործընթացով պետք է ազատագրվի, ինչպես նաեւ Շուշին եւ մնացած գյուղերը. Արթուր Թովմասյան
Եկել էր մի պահ, որ Հայաստանի Հանրապետությունը ոչ միայն Արցախի Հանրապետության երաշխավորը չէր, այլ նաեւ Հայաստանի ժողովրդի։ Այս մասին այսօր՝ ապրիլի 2-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը։
«Նոյեմբերի 9-ին մոտ երկու հազար թուրքեր գտնվում էին Շուշի քաղաքում, մոտ չորս հազարն էլ այդ ուղղությամբ, եւ նրանք պետք է շարժվեին Ստեփանակերտի ուղղությամբ։ Ստեփանակերտում մի քանի հարյուր մարդ էր մնացել այդ օրը։ Արդեն այդ վիճակն էր։ Մենք չգիտեինք, որ համաձայնագիր է ստորագրել։ Մի քանի պատգամավորներ, որոնք մնացել էին Ազգային ժողովում, զենքով եւ նռնակներով պետք է դիմավորեինք թուրքերին: Կոմանդոսի սիրտը չդիմացավ, մահացավ։ Շուշին ազատագրողին վաղը մենք կհանձնենք մայր հողին»,- ասաց Արթուր Թովմասյանը։
Նրա խոսքով՝ Թուրքիան մասնակցություն է ունեցել նաեւ Ապրիլյան պատերազմին, ինչից պետք է հետեւություններ արվեին։
«Առաջին պատերազմի ժամանակ Թուրքիայի կողմից նույնպես աջակցություն կար, բայց դա բարոյական աջակցություն էր։ 2016 թվականի ապրիլին նաեւ թուրք գեներալներ էին մասնակցում, մենք հետեւություններ պետք է անեինք։ Մենք տեղեկություն ունեինք, որ բարձրաստիճան թուրք սպա է զոհվել Աղդամի ուղղությամբ։ Այսինքն՝ թուրքերն արդեն փորձում էին մտնել տարածաշրջան։ Իսկ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Էրդողանը հայտարարեց, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը չկարողացավ լուծել այդ հակամարտությունը, պատերազմի միջոցով ես կլուծեմ»,- ասաց Թովմասյանը։
Արթուր Թովմասյանի կարծիքով՝ երբ ԲՏԱ նախարարն ապտակեց լրագրողին, ներողություն խնդրեց եւ հրաժարական տվեց, իսկ ԱԺ պատգամավորը ապտակեց 10 միլիոն հայի՝ հայտարարելով, որ Քարվաճառը հայկական չէ եւ ներողություն չի խնդրում․ «Շուշիի հայկականությունը կասկածի տակ դնելն նույնպես ապտակ էր։ Շուշին Արցախի առաջին մայրաքաղաքն էր, Անդրկովկասի գիտակրթական կենտրոնն էր»։
Արթուր Թովմասյանի խոսքով՝ եթե Արցախը մնաց Ադրբեջանի կազմում, Արցախը հայաթափվելու է. «Սա լավ պետք է հասկանան Հայաստանի Հանրապետության իշխանությունը, ընդդիմությունը եւ ժողովուրդը։ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո պետք է լուծվի Արցախի կարգավիճակի հարցը։ Մեր սերունդը 3 պատերազմի է մասնակցել, մեր զոհերը 2001-2002 թվականի ծնվածներ են, հիմա Ալիեւի հետ բարեկամությո՞ւն պիտի անենք, ո՞նց շտկենք դրանց հետ մեր հարաբերությունները. Այսօր ռուս խաղաղապահը Արցախի բանակի հետ միասին Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորն է: Արցախի կարգավիճակի հարցը շատ կարեւոր է, մենք հիմա այնտեղ ապրում ենք, բայց պետք է հարատեւենք, իսկ դա հնարավոր է միայն, երբ ունենանք հստակ կարգավիճակ՝ կլինի վերամիավորում Հայաստանին, որեւէ ուղղահայաց ենթակայության տարբերակ Ադրբեջանի հետ բացառվում է»,- ընդգծեց Արթուր Թովմասյանը։
Հարցին, ի՞նչ տարածքներով պետք է որոշվի Արցախի կարգավիճակը, պատերազմից առաջ եղա՞ծ, թե՞ պատերազմից հետո մնացած տարածքով, Թովմասյանը պատասխանեց՝ պետք է բանակցություններ տարվեն ու պնդենք, որ Հադրութը խաղաղ բանակցային գործընթացով ազատագրվի, ինչպես նաեւ Շուշին եւ բոլոր այն գյուղերը, որոնք մնացել են թշնամու վերահսկողության տակ:
Հիշեցնենք, որ ուղիղ 5 տարի առաջ 2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական կողմը Արցախի Հանրապետության նկատմամբ սկսեց լայնածավալ հարձակողական գործողություններ, կիրառելով իր զինանոցում եղած ռազմական տեխնիկայի գրեթե բոլոր հնարավոր տեսակները: