Որևէ մեկը, որևէ պահանջ ինձ չի ներկայացրել. Հոխիկյանը՝ Սուքիասյանի կողմից պահանջ ստանալու լուրերի մասին
Լրատվամիջոցը տեղեկատվությունը կիսատ է հրապարակել, որևէ մեկը, որևէ պահանջ ինձ չի ներկայացրել: Սուքիասյանի հետ հանդիպումը կայացել է, ինչպես նաև մի շարք այլ անձանց հետ: Սուքիասյանը ներկայացրել է ներքաղաքական հարցերի շուրջ իր տեսակետը, ես՝ իմ:
Այս մասին Auroranews-ի հետ զրույցում ասաց լրագրող Նաիրի Հոխիկյանը՝ անդրադառնալով այսօր մամուլում շրջանառվող այն տեղեկատվությանը, թե ինքը հանդիպել է գործարար Խաչատուր Սուքիասյանին և պահանջ ստացել չքննադատել Նիկոլ Փաշինյանին:
«Ներքաղաքական, տնտեսական հարցերի շուրջ հանդիպում կայացել է և ես ներկայացրել եմ իմ առարկությունները, իմ քննադատությունները իշխանության հասցեին, ինքն էլ՝ իր տեսակետը»,-ասաց Հոխիկյանը:
Հիշեցնենք, որ քիչ առաջ «Փաստինֆո»-ն տեղեկություն հրապարակեց՝ ըստ որի Սուքիասյանը հանդիպման է կանչել սոցցանցերով իշխանություններին բավական ակտիվ քննադատող լրագրող, թուրքագետ Նաիրի Հոխիկյանին։ Այն կայացել է փակ ֆորմատով։ Սուքիասյանը առաջարկ-պահանջ է ներկայացրել Հոխիկյանին՝ դադարեցնել իշխանությունների և հատկապես Նիկոլ Փաշինյանի հասցեին սուր քննադատություններով հանդես գալը։