Ինչ գործառույթներ ունի գլխավոր շտաբը և ովքեր են այն ղեկավարել Փաշինյանի կառավարության օրոք. Armdaily
ԶՈւ Գլխավոր շտաբի տարածած հայտարարությունից հետո այս մարմնի շուրջ կրքերը չեն հանդարտվում։
Ինչ է գլխավոր շտաբը և ինչ գործառույթներ ունի
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի վարչական ապարատը կազմավորվել է 2009թ. հունվարի 26-ին: Զինված ուժերի գլխավոր շտաբը ՀՀ պաշտպանության նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմին է, որը մշակում և իրականացնում է պաշտպանության` իրեն հանձնարարված բնագավառում կառավարության քաղաքականությունը:
Գլխավոր շտաբը ՀՀ զինված ուժերի զինվորական կառավարման կենտրոնական մարմինն է, որն անմիջականորեն պատասխանատու է զինված ուժերի գործառույթների իրականացման համար:
Armdaily.am- ը ներկայացրել է, թե ովքեր են ղեկավարել գլխավոր շտաբը 2018թ-ից հետո
Գլխավոր շտաբի առաջին պետը եղել է Արիս Բրուտյանը, ով 2019 թվականին հոկտեմբերի 10-ից մինչ այժմ զբաղեցնում է ՀՀ ԶՈՒ ԳՇ վարչակազմակերպչական վարչության պետի պաշտոնը։
2018թ-ի իշխանափոխության ժամանակ Գլխավոր շտաբի պետի պաշտոնը զբաղեցնում էր Մովսես Հակոբյանը, ով այդ պաշտոնին էր նշանակվել 2016 թ. հոկտեմբերի 3-ին։ Նա 2018 թվականի մայիսի 24-ի ՀՀ վարչապետի որոշմամբ ազատվել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնից և նշանակվել գլխավոր ռազմական տեսուչ։
Մովսես Հակոբյանին ԶՈւ ԳՇ պետի պաշտոնում փոխարինել է Արտակ Դավթյանը։ Նա պաշտոնավարել է 2018 թվականի մայիսի 24-ից մինչև 2020 թվականի հունիսի 8-ը։ Աշխատանքից դուրս է եկել սեփական դիմումի համաձայն։ Ըստ մամուլի հրապարակումների այս պաշտոնից նա ազատվել էր կորոնավիրուսի ժամանակ որդու հարսանիքը կազմակերպելու համար։
2020 թվականի հունիսի 8-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով՝ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը Օնիկ Գասպարյանին նշանակել է Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ։ Փաշինյանը Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատել է ռազմական հեղաշրջման փորձ կատարելու, քաղաքական գործընթացներին միջամտելու համար։
Նախագահը նախ Օնիկ Գասպարյանին աշխատանքից ազատելը առարկություններով հետ ուղարկեց վարչապետին, ապա հիմնավորումներով վարչապետի աշխատակազմն այն կրկին հետ ուղարկեց նախագահական և քանի որ այն նախագահը ո՛չ ստորագրեց, ոչ էլ դիմեց ՍԴ, վարչապետը եռօրյա ժամկետի լրանալուց հետո հայտարարեց, որ Օնիկ Գասպարկանը օրենքի ուժով ազատվել է պաշտոնից։ Օնիկ Գասպարյանը դիմել է վարչական դատարան՝ վիճարկելով իրեն աշխատանքից ազատելու որոշումը։
Օնիկ Գասպարյանի ազատվելուց հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ միջնորդել է նախագահ Արմեն Սարգսյանին Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնում նշանակել նախկին պետ Արտակ Դավթյանին։ Նախագահը այն առարկություններով հետ է ուղարկել կառավարություն, իսկ կառավարությունից հայտնել են, որ հիմնավորումներով այն կրկին կուղարկեն նախագահական։
Նշենք, որ ԳՇ պետի պարտականությունների կատարումը ժամանակավորապես հանձնարարվել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանին։