Առավոտյան կինս հրավիրվել է Հատուկ քննչական ծառայություն․ ԲԴԽ նախագահ․ 168․am

Առավոտյան կինս հրավիրվել է Հատուկ քննչական ծառայություն։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասել է ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը։ 
168.am-ը ԲԴԽ նախագահից հետաքրքրվել է, թե ինչու նա այսօր Խորհրդարանում չէ, և արդյո՞ք կաշկանդվածություն ունի երեկվանից հետո: 
– Երկու օր Ազգային ժողովում էիք: Առիթը գիտենք, քննարկումներն էլ ուղիղ հեռարձակվում էին, և այն, ինչ տեսանք երեկ, խորհրդարանական երկրին ոչ վայել տեսարան էր: Ինչպիսի՞ն են այսօր Ձեր տպավորությունները պատգամավորների հետ երկու օր տևած, թույլ տվեք ասել, անհավասար, այսպես ասած՝ բոլորը՝ մեկի, մեկը՝ բոլորի դեմ առճակատումից հետո: 

– Իսկապես ծանր ժամեր էին, այո, ունեցա նաև նման զգացողություններ, որ իմ կյանքի ամենադժվար ու ծանրաբեռնված օրերն էին, սակայն երեկոյան տանը, կարծես թե, միայն ֆիզիկական հոգնածություն ունեի: 

– Այսօր ևս ԱԺ-ում կարծես թե շարունակվող քննարկման կիզակետում կրկին Դուք եք: Ունե՞ք ասելիք անցած երկու օրերի և այսօր շարունակվող քննարկումների վերաբերյալ: Ինչո՞ւ այսօր ԱԺ-ում չեք: 

– Չեմ հետևում, դրա ժամանակն այսօր չկա, այլ խնդիրներով եմ ծանրաբեռնված: Միայն ասեմ, որ առավոտյան կինս հրավիրվել է Հատուկ քննչական ծառայություն: 

– Ի՞նչ գործի կապակցությամբ: 

– Տեղյակ չեմ: Ինչպես ասացի, այսօր խիստ ծանրաբեռնված օրակարգ ունեմ, գուցե ավելի ուշ արդեն պարզ կլինի: Ներողություն, հիմա զբաղվածությունս մեծ է, մի ուրիշ առիթով կպատասխանեմ ձեր հարցերին:

Քաղաքականություն