Այսօր նախատեսված հանրահավաքի ժամանակ հնարավոր են սադրանքներ. ոստիկանությունը զգուշացնում է

ՀՀ ոստիկանությունում տվյալներ են ստացվել, որ մարտի 3-ի ժամը 16.00-ին նախատեսված հանրահավաքի ժամանակ հնարավոր են սադրանքներ։ Տեղեկությունը հայտնում են ոստիկանության մամուլի ծառայությունից։ 

«Կոչ ենք անում զանգվածային միջոցառումներն իրականացնել բացառապես օրենքի շրջանակներում, զերծ մնալ հակաիրավական քայլերից ու չտրվել սադրանքների։ Քաղաքացիներին հորդորում ենք լինել իրավահարգ և իրենց իրավունքներն իրացնելիս պահպանել օրինականության պահանջներն ու համակեցության կանոնները»,-նշված է հաղորդագրության մեջ։ 
Ոստիկանությունը հավաստիացնում է, որ օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակում ձեռնարկելու է բոլոր միջոցները՝ հասարակական կարգն ապահովելու և հանրային անվտանգությունը պահպանելու համար։ 

Հիշեցնենք, որ ներքաղաքական իրավիճակը Հայաստանում սրվեց այն բանից հետո, երբ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։ 
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։ 
Նա հայտնեց նաև, որ ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը կրկին առաջարկությունն ուղարկեց ՀՀ նախագահին։  Գլխավոր շտաբը մարտի 1-ին նոր հայտարարություն տարածեց նշելով, որ կրկին հաստատում է ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր գնահատականները և շեշտում, որ, անկախ Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու փորձերից, մնում Է անդրդվելի, կշռադատված և հաստատակամ։ 
 

Քաղաքականություն