
Կարեն Բեքարյանին զրկում են իր պաշտպանության իրավունքից, քննիչը չի պատասխանում զանգերիս և ես չեմ կարող մուտք գործել ԱԱԾ. փաստաբան

«Քառյակ Մեդիա»-ի համահիմնադիր, քաղաքական վերլուծաբան Կարեն Բեքարյանի տան խուզարկությունն Ազգային անվտանգության ծառայությունն ավարտել է, դիմակավորված ծառայողները նրան բերման են ենթարկել ԱԱԾ։
Այս մասին ասել է Կարեն Բեքարյանի փաստաբան Գոռ Միքայելյանը։ Գրում է Tert.am-ը։
Հարցին, թե ԱԱԾ֊ն ինչո՞ւ էր խուզարկություն իրականացնում, փաստաբանն ասաց. «ԱԱԾ-ում հարուցված քրեական գործի շրջանակներում էր Կարեն Բեքարյանի տանն իրականացվում խուզարկություն, որի թույլտվությունը տրվել էր դատավոր Մանվել Շահվերդյանի կողմից։ Նշում էին,որ գործն առնչվում է պատերազմի օրերին ինչ֊որ կեղծ էջերով կատարված հրապարակումների»,-ասաց փաստաբանը։
Հարցին, թե արդյոք խուզարկությունն արվե՞լ է սահմանված կարգով և համաձայն դատարանի որոշման, փաստաբանն ասաց, որ այդ հարցում խնդիրներ չի տեսել, սակայն առգրավված իրերի վերաբերյալ խախտումներ կան. «Առգրավվել են ոչ միայն այն իրերը, որոնք տեղեկություն պարունակող են` համակարգիչ, նյութական կրիչ և այլն,այլ առգրավվել են բոլոր հնարավոր էլեկտրական սարքերը»։
Գոռ Միքայելյանը հայտնեց,որ այժմ գնում է ԱԱԾ, գործողությունների հետագա ընթացքի մասին կհայտնի լրացուցիչ։