«Արցախցիներին տրվող աջակցությունը բավարար է սոցիալական խնդիրները լուծելու համար». նախարար

Այս պահին սահմանամերձ համայնքների ցանկում 77 համայնք է ներառված, հնարավոր է՝ առաջիկայում ևս 5-6 համայնք ավելանա։ Այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը։

«Ընդհանուր առմամբ, բյուջեի վրա ավելացումը մինչև 200 մլն դրամ է։ Եթե գործող համայնքներն էլ հաշվարկենք, տարեկան ծախսը մոտ 1 մլրդ դրամ է կազմում։ Արցախցիներին տրվող աջակցությունը լիարժեք բավարար է, որպեսզի լուծեն այն սոցիալական խնդիրները, որոնք առաջացել են պատերազմի ընթացքում»,- ասաց Մեսրոպ Առաքելյանը։

Ըստ նախարարի՝արցախցի միջին ընտանիքին տրվող պետական աջակցությունը կազմում է 320 հազար դրամ։

«Միևնույն ժամանակ, Արցախում փոխհատուցվում են կոմունալ վճարները, առաջիկայում նաև վարկերի որոշակի փոխհատուցման ծրագիր կհաստատվի։ Կհստակեցվեն Արցախում բնակարանաշինության գործընթացի առաջին քայլերը»,- հայտնեց նախարարը։

Անդրադառնալով գերիների ընտանիքներին՝ Մեսրոպ Առաքելյանը նշեց, որ հարազատները հոգեբանական աջակցություն են ստանում Արտակարգ իրավիճակների նախարարության միջոցով, իսկ ֆինանսական աջակցություն՝ ամսական 300 000 դրամի չափով։

Քաղաքականություն