Հարյուրավոր ուղեւորներ օդանավակայանում անորոշ վիճակում են հայտնվել. Lragir. am

Այսօրվանից վերսկսվել են Հայաստանի ու Ռուսաստանի միջև կանոնավոր չվերթները։ Հարյուրավոր ուղևորներ, սակայն, խնդրի առաջ են կանգնել, քանի որ տեղեկացվել են, որ իրենց չվերթները ուշանում են, ոմանք էլ ասում են՝ չեղարկվել են։ Մարդիկ տեղեկատվություն չունեն, թե ինչ է կատարվում, նրանք մնացել են «Զվարթնոց» օդանավակայանում և տեղեկատվության են սպասում։

 

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի հանրային կապերի պատասխանատու Սաթենիկ Հովհաննիսյանը Lragir.am-ի հետ զրույցում ասել է, որ խնդիրը հետևյալն է՝ ռուսական մի շարք քաղաքներից չվերթները դեպի Հայաստան ուշացումով են իրականացվել, ինչը հանգեցրել է այն խնդրին, որ Հայաստանից դեպի Ռուսաստան նույնպես չվերթներն ուշացումով են իրականացվելու։

«Մի քանի չվերթներ կան, որոնք ուշացումով են եղել։ Մարդիկ սպասում են, դա ուշացման հետ է կապված, եթե այլ խնդիրներ կան, ավիաընկերությունը պետք է պարզաբանի»,- ասաց նա։

 

Լրատվականը նշում է, որ Սաթենիկ Հովհաննիսյանի խոսքով՝ ժամեր են ֆիքսվել, թե երբ են իրականացվելու ուշացումով չվերթները։

«Այս պահի դրությամբ մեր ինֆորմացիան այն է միայն, որ ուշացում է եղել, այլ մանրամասներ չունենք։ Մարդիկ հիմա օդանավակայանում սպասում են, իրենց չվերթները պետք է առավոտյան լինեին, բայց ժամերը փոխվել են»,- ասել է Սաթենիկ Հովհաննիսյանը՝ հավելելով, որ իրենք տեղեկացված չեն ուշացումների պատճառների մասին։