Հասարակություն

Ռուսաստանում մեկնաբանել են թուրքական ազդեցության տարածման քարտեզը, որում թուրքերը ընդգրկել էին նաև Հայաստանը

Unknown 1,257 դիտում
Ռուսաստանում մեկնաբանել են թուրքական ազդեցության տարածման քարտեզը, որում թուրքերը ընդգրկել էին նաև Հայաստանը

Ռուս քաղաքական գործիչները մեկնաբանել են թուրքական հեռուստաընկերության ցուցադրած քարտեզը, որը կանխատեսում է Անկարայի ազդեցության գոտու ընդլայնումը դեպի Ռուսաստանի հարավ, Անդրկովկաս, Հունաստան և Պարսից ծոցի երկրներ: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Պետդումայի Պաշտպանության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Անդրեյ Կրասովը նշել է, որ Թուրքիայի ղեկավարությունը մտածում է Օսմանյան կայսրությունը վերստեղծելու մասին, միևնույն ժամանակ նա կասկածել  է, որ Անկարան կցանկանա ուժով վերցնել ռուսական տարածքները:

«Ինչ վերաբերում է Ղրիմին և Սևաստոպոլին, այս հարցին վերջ է դրվել, նախագահը խոսել է այս մասին: Դրանք Ռուսաստանի Դաշնության երկու սուբյեկտներ են: Ինչ վերաբերում է Հյուսիսային Կովկասի մյուս շրջաններին, ապա պետք չէ աչք ունենալ ուրիշի բաժնին»,-ասել է պատգամավորը:

Կրասովը նաև կոչ է արել թուրք պաշտոնյաներին ավելի լավ ուսումնասիրել Ռուսաստանի պատմությունը:

«Եթե նրանք ուզում են ստուգել ռուսական ոգու և մեր զենքի ուժը, թող փորձեն»,-եզրափակել է խորհրդարանականը:

Իր հերթին, Պետդումայի պատգամավոր Պավել Շպերովը հայտարարել է, որ Թուրքիան երբեք չի թաքցրել իր հավակնությունները Ղրիմի  նկատմամբ, իսկ երկրի քաղաքական շրջանակները լրջորեն քննարկում են թերակղզու բռնակցման հարցը:

«Հասկանալի է, որ թուրքական կողմը ցանկանում է վերադարձնել իր ազդեցության գոտին, որն ունեցել է 3 դար առաջ, գուցե նույնիսկ գրավել որոշ տարածքներ, բայց չեմ կարծում, որ դա ինչ-որ կերպ կարելի է լրջորեն քննարկել», -ասել է պատգամավորը:

Շպերովը հորդորել է պատրաստ լինել ամեն ինչի ու հավելել է, որ Անկարան միշտ ուշադրություն է դարձնում ռուս քաղաքական գործիչների հայտարարություններին: Նա կարծիք է հայտնել, որ ԱԳՆ-ն պետք է արձագանքի թուրքական պետական հեռուստաալիքի ցուցադրած քարտեզին:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Թուրքական TRT1 հեռուստաալիքը եթերում հեռարձակել է Անկարայի ազդեցության ոլորտների ընդլայնման կանխատեսումը, որը նախապես պատրաստել է ամերիկյան Stratfor ընկերությունը: Ըստ քարտեզի` մինչև 2050 թվականը Թուրքիան էապես ընդլայնելու է իր ազդեցության գոտիները միանգամից մի քանի ուղղություններով: Այսպիսով, վերլուծաբանների կանխատեսմամբ, Անկարան կկարողանա ամրապնդել իր դիրքերը Ռուսաստանի հարավային մի քանի շրջաններում, մասնավորապես՝ Ղրիմում, Կուբանում, Կալմիկիայում, Աստրախանի շրջանում և Հյուսիսային Կովկասի հանրապետություններում:

Ենթադրվում է, որ Վրաստանը, Հայաստանը, Ադրբեջանը, Ղազախստանի, Ուզբեկստանի և Թուրքմենստանի մի շարք տարածքներ, ինչպես նաև Հունաստանի և Դոնբասի ինքնահռչակ հանրապետությունները ընկնելու են թուրքական ազդեցության տակ: Բացի այդ, ըստ փորձագետների, կարելի է ակնկալել Թուրքիայի դիրքերի ուժեղացում Պարսից ծոցի երկրներում, Եգիպտոսում և Լիբիայում:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250