Գնում եմ մահապարտի գործի. Վազգեն Մանուկյան

Եթե Նիկոլ Փաշինյանին փոխեին մինչև պատերազմի ավարտը, կապիտուլյացիոն պայմանագիր չէր լինի, այլ կլիներ մեկ այլ պայմանագիր, որն ավելի օգտակար կլիներ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը: Նրա խոսքով` եթե հաջողվեր Փաշինյանին անմիջապես այդ «կապիտուլյացիոն» պայմանագրից հետո դեն շպրտել, չէր լինի այս վեց կետանոց համաձայնագիրը. այն ուժը կորցրած կլիներ:

Մանուկյանին հարցրին` արդյո՞ք ունեն հստակ մշակված ծրագրեր` իշխանության գալու պարագայում:

«Ընդհանուր ծրագրեր, որ կապված են մեկ տարվա տնտեսական և արտաքին քաղաքականության հետ, կցկտուր ասել եմ: Երևի դա դահլիճային հանդիպում պետք է լինի մասնագետների հետ, որ քննարկվի, ինչ վերաբերում է տնտեսական ծրագրերին, երկու հատված է. մեկը՝ առաջին տարվանը, կան նաև ավելի երկարածավալ տնտեսական ծրագրեր, որ էլի մշակվում են, բայց պետք կգան հաջորդ իշխանությանը»,- ասաց նա:

Մանուկյանն անդրադարձավ նաև հանրությանը հուզող մեկ այլ հարցի` ի՞նչ թիմով է գալու իշխանության:

«Երբեմն ինձնից պահանջում են, որ կառավարության ցանկ ներկայացնեմ, նախ` վտանգն այն է, որ այդ մարդիկ միանգամից թիրախավորվում են, ընկնում հարվածի տակ, երկրորդ` կարևոր է, թե ինչ ճանապարհով է շարժումը գալիս իշխանության: Եթե ԱԺ-ում կարողանում ես մեծամասնություն ապահովել, կադրային խաղի կանոնները փոխվում են»,- նշեց նա:

Կարո՞ղ են, իշխանության գալու դեպքում, հրաժարվել ստորագրված կապիտուլյացիոն համաձայնագրից: Այս հարցին ի պատասխան` Մանուկյանը նշեց.

«Միայն այն դեպքում, երբ ունենանք համապատասխան ուժ և համաձայնություն մեր դաշնակիցների հետ»:

Դիտարկմանը, թե Փաշինյանն ընտրությունների անցկացումը նպատակահարմար չի գտնում, քանի որ կարծում է` այս վիճակում չեն կարող մարդկանց քարոզարշավի հրավիրել, Մանուկյանը պատասխանեց.

«Մինչև հիմա ես չեմ լսել մի հատ ազնիվ խոսք Նիկոլ Փաշինյանի բերանից, ինչո՞ւ պիտի իր ամեն նախադասությունը սկսեմ քննարկել: Նիկոլ Փաշինյանի օրոք ցանկացած ընտրություններ կլինեն անօրինական»:

Մանուկյանն արձագանքեց նաև իր հասցեին հնչող մտավախությանը, թե իշխանության գալով` նախկինների օգտին է աշխատելու.

«Ես կանգնած եմ մեր նորանկախ պետության ստեղծման հիմքում: Մինչև հիմա որևէ մեկը չի կարողացել ասել, որ ինչ-որ ժամանակ ինչ-որ տեղում կեղծիքի եմ գնացել կամ նպաստել եմ կեղծիքի: Հնարավոր չի մի տարում անել մի բան, որ ալիքը քո դեմ չգա, ես հասկանում եմ, որ գնում եմ մահապարտի գործին: Նույնիսկ այնքան կարևոր չէ իմ վստահությունը, որքան ուրիշներինը, որ դա կհաջողվի»:

Պատահարներ