
ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակությունը փորձել է դիրքավորվել իբրև ավելի կառուցողական, սակայն ձախողվել է. պատգամավոր

ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակությունը փորձել է դիրքավորվել իբրև ավելի կառուցողական, սակայն նրանց ծրագիրը ձախողվել է, ասուլիսում ստեղծված իրավիճակը ներկայացրեց ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, իմքայլական պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը:
Պատգամավորի խոսքով՝ նրանք փորձում էին տպավորություն ստեղծել, թե եկել են երկխոսության, ինչին հայկական կողմն ընդառաջ չի գնում:
«Լիգումար նիստերի դահլիճում և հանձնաժողովի նիստում նրանք տարբեր կերպ էին դրսևորվում: Հանձնաժողովի նիստում ագրեսիվ էին, օրինակ, երբ միգրացիայի, փախստականների հարցերով հանձնաժողովում ես բարձրացրի գերիների հարցը, նրանք պատասխանեցին, որ այդ գերիները տեռորիստներ են: Հենց այդ պահվածքով բոլորին զարմացրին, որովհետև պարզ է՝ հումանիտար խնդիր է, պետք է լուծվի», - նշեց Հայրապետյանը: