Փայլանը պատասխանել է Էրդողանի՝ «հայ որբերի հայր» Քազիմ Քարաբեքիր փաշայի մասին գրառմանը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը սոցիալական ցանցերի իր էջերում գրառում է կատարել Քազիմ Քարաբեքիր փաշայի մահվան տարելիցի կապակցությամբ։ Էրդողանը Քարաբեկիրի լուսանկարն է հրապարակել ու գրել․ «Սիրելի՛ ընկերներ, գիտեք Քազիմ Քարաբեքիր փաշայի այս դիմանկարի պատմությունը»։ Այնուհետ Էրդողանը հավելել է, որ Քարաբեքիրը շատ է սիրել երեխաներին, Անատոլիայից 6․000 երեխաների իր խնամքի տակ է վերցրել և այդ նկարն էլ Տրապիզոնի որբերն են նվիրել։ «Որբերի հայր Քազիմ Քարաբեքիր փաշային՝ Տրապիզոնի հայ որբերի կողմից, Ռումի սեպտեմբերի 9, 1922թ․»,- գրել է Էրդողանը։ Թուրքիայի նախագահի այս գրառմանը Twitter-ի իր միկրոբլոգում արձագանքել է Մեջլիսի հայ պատգամավոր Կարո Փայլանը։ 

«Պարո՛ն Էրդողան, իսկ դուք գիտե՞ք այս դիմանկարի պատմությունը։ Այդ երեխաները որբացել են, որովհետև նրանց ընտանիքի անդամները զոհվել են Հայոց ցեղասպանության ժամանակ: Պարո՛ն Էրդողան, դուք իսկապե՞ս պատրաստ եք իմանալ այս դիմանկարի պատմությունը»,- գրել է Փայլանը։ Նշենք, որ Քազիմ Քարաբեքիրը 1918-1919թթ․ եղել է 1-ին, 2-րդ, 15-րդ թուրքական Կովկասյան բանակային կորպուսների հրամանատար, մասնակցել է Երզնկայի, Էրզրումի և Կարսի գրավմանը, հետագայում՝ եղել Արևելյան ռազմաճակատի զորքերի հրամանատարը։ 1920 թվականի սեպտեմբերին թուրքական զորքերը Քարաբեքիրի գլխավորությամբ ներխուժել են Արևելյան Հայաստան։
 

Քաղաքականություն

Պատահարներ