Ռազմագերու ծնողին ասեք՝ «ոչինչ, որ որդիդ այնտեղ է, ադրբեջանցու հետ առևտուր կանենք, լավ կապրեք». Նաիրա Զոհրաբյան

Տպավորություն է, թե մենք ապրում ենք զուգահեռ իրականություններում։ Կա մի իրականություն, որտեղ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա, որ մենք կարողանանք փրկել Հայաստանը, որովհետև Արցախը, ցավոք սրտի, կորցրել ենք, և կա ձեր իրականությունը, որտեղ դուք փորձում եք կեղծ օրակարգերով շեղել հանրության ուշադրությունը։ Այս մասին ԱԺ նիստին հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ դիմելով «Իմ քայլը»-ին։

«Նիկոլ Փաշինյանը գրեց, որ գնում է Մոսկվա, և թիվ մեկ խնդիրը լինելու է ռազմագերիների խնդիրը։ Գնաց, հերթական անգամ գլուխը խոնարհեց Ալիևի առաջ, հերթական անգամ մեր Սյունիքով ճանապարհ տվեց թուրքերին, որ իրականացնեն իրենց՝ մեծ թուրանի ծրագիրը, Ալիևը հայտարարեց, որ գոհ է բանակցությունների արդյունքից, իսկ ռազմագերիների ծնողները մնացին իրենց խնդիրների հետ»,-հայտարարեց պատգամավորը։

Նրա խոսքով՝ սա կեղծ օրակարգ է, և իշխանությունը փորձում է կեղծ օրակարգերով շեղել հանրությանը։

«Այստեղ և այսօր պետք է քննարկվի մեկ օրակարգ՝ այդ մարդն այլևս ի վիճակի չէ ադեկվատ բանակցություններ վարել, մենք ունենք լրջագույն խնդիրներ, ՀՀ պետականությանը սպառնացող լրջագույն վտանգներ։ Չի կարող Ադրբեջանի ֆոլկլորի գլխավոր հերոսը արժանապատիվ կերպով բանակցել և խնդիրներ լուծել։ Չի կարող պարտության թիվ մեկ խորհրդանիշը շարունակել տարբեր մանիպուլյացիաներով, լծակներով պահել իր իշխանությունը։ Ինչքան շուտ ձեզնից շատերը հասկանան և բռնեն այդ մարդու ձեռքն ու ասեն, որ նա օր առաջ պետք է  հեռանա, որ մենք կարողանանք օր առաջ խնդիրները լուծել, այնքան մենք կկարողանանք արագ ուղղել մեր ողնաշարը։ Դրա փոխարեն փորձում եք հանրությանը կերակրել, թե թուրքերի, ադրբեջանցիների հետ առևտուր կանենք, և դուք լավ կապրեք։ Փաշինյանը պետք է հեռանա, և խորհրդարանում պետք է քննարկվի միայն այդ հարցը»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը։

 

Քաղաքականություն